Առողջապահություն 

Մեծ կլինիկաների վիճակը ծանրացավ, երբ հարկային վճարումները փոխվեցին

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը Ստոմատոլոգների միջազգային օրվա հետ կապված հրավիրված մամուլի ասուլիսում ասաց, թե մեծ քանակությամբ խնդիրներ կան, որոնց առաջ կանգնած են ատամնաբույժները,  այդուհանդերձ Եվրոպայում Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում ստոմատոլոգների թվով:

Միևնույն ժամանակ, Աշոտ Գևորգյանն ասում է, թե չկա ստույգ թիվ, թե քանի ստոմատոլոգ է աշխատում Հայաստանում, քանի որ նրանց մեծ մասն աշխատում է չգրանցված:

«Կադրային հարցերում էլ կան շատ խնդիրներ. ունենք բժիշկներ, որոնք լիցենզիա ունեն, բայց ունեն զրո գիտելիք: Պետք է պահանջենք, որ ատեստավորում տեղի ունենա: Այստեղից բժիշկները, որ գնում են Միացյալ Նահանգներ, մեկ-երկու տարի նախապատրաստվում են, որպեսզի քննություն հանձնեն, դրանից հետո միայն աշխատեն»,-ասաց ասոցիացիայի նախագահը:

Մանրամասնելով առկա խնդիրները, Աշոտ Գևորգյանն ասաց, թե մեծ կլինիկաների վիճակը ծանրացավ, երբ հարկային վճարումները փոխվեցին, և մտավ արտոնագրային վճարումների կարգը:

«Դա առաջացրեց ոչ հավասար աշխատանքային պայմաններ, ոչ հավասար հարկային դաշտ, մեծ  կլինիկաները փոքրացան, ատամնաբույժներից շատերը մեկնեցին: 2013 թվականին, երբ այդ օրենքը մտավ, ընդամենը 82 կլինիկայի է լիցենզիա է տրվել, սակայն փակվել են 35-ը, կասեցվել՝ 16-ը, շատերն էլ դիմել են հարկային մարմիններին ու չեն աշխատում: Ստացվում է, որ ավելի շատ փակվել են, քան բացվել»,–ասաց մա։

Բանախոսի ներկայացմամբ՝ այս արտոնագրային կարգը ձեռնտու էր միայն փոքր ատամնաբուժարաններին, որոնք ընդամենը մեկ-երկու աթոռ ունեն:

Աշոտ Գևորգյանն ասաց նաև, թե ասոցիացիաներին պետք է լծակներ տրվեն, որպեսզի նրանք կարողանան գործունեություն ծավալել, ոլորտի խնդիրները կարգավորել:

Նույն շարքից