Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը Ստոմատոլոգների միջազգային օրվա հետ կապված հրավիրված մամուլի ասուլիսում ասաց, թե մեծ քանակությամբ խնդիրներ կան, որոնց առաջ կանգնած են ատամնաբույժները, այդուհանդերձ Եվրոպայում Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում ստոմատոլոգների թվով:
Միևնույն ժամանակ, Աշոտ Գևորգյանն ասում է, թե չկա ստույգ թիվ, թե քանի ստոմատոլոգ է աշխատում Հայաստանում, քանի որ նրանց մեծ մասն աշխատում է չգրանցված:
«Կադրային հարցերում էլ կան շատ խնդիրներ. ունենք բժիշկներ, որոնք լիցենզիա ունեն, բայց ունեն զրո գիտելիք: Պետք է պահանջենք, որ ատեստավորում տեղի ունենա: Այստեղից բժիշկները, որ գնում են Միացյալ Նահանգներ, մեկ-երկու տարի նախապատրաստվում են, որպեսզի քննություն հանձնեն, դրանից հետո միայն աշխատեն»,-ասաց ասոցիացիայի նախագահը:
Մանրամասնելով առկա խնդիրները, Աշոտ Գևորգյանն ասաց, թե մեծ կլինիկաների վիճակը ծանրացավ, երբ հարկային վճարումները փոխվեցին, և մտավ արտոնագրային վճարումների կարգը:
«Դա առաջացրեց ոչ հավասար աշխատանքային պայմաններ, ոչ հավասար հարկային դաշտ, մեծ կլինիկաները փոքրացան, ատամնաբույժներից շատերը մեկնեցին: 2013 թվականին, երբ այդ օրենքը մտավ, ընդամենը 82 կլինիկայի է լիցենզիա է տրվել, սակայն փակվել են 35-ը, կասեցվել՝ 16-ը, շատերն էլ դիմել են հարկային մարմիններին ու չեն աշխատում: Ստացվում է, որ ավելի շատ փակվել են, քան բացվել»,–ասաց մա։
Բանախոսի ներկայացմամբ՝ այս արտոնագրային կարգը ձեռնտու էր միայն փոքր ատամնաբուժարաններին, որոնք ընդամենը մեկ-երկու աթոռ ունեն:
Աշոտ Գևորգյանն ասաց նաև, թե ասոցիացիաներին պետք է լծակներ տրվեն, որպեսզի նրանք կարողանան գործունեություն ծավալել, ոլորտի խնդիրները կարգավորել: