«Մանթաշի ջրամբարից ներքև գտնվող գյուղում այս պահին ոռոգման խնդիր կա, ջրամբարը կորուստներ ևս ունի»,- Այս մասին լրագրողներին հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, հավելելով, որ մարզում գտնվող բոլոր ջրամբարները ջրի առումով բարձր ցուցանիշներ ունեն՝ բացի Մանթաշի ջրամբարից: Նա նաև նշեց, որ Արթիկի տարածաշրջանը գյուղատնտեսության առումով ակտիվ է, նաև բնակչությունն է խիտ, սակայն ջրի ծավալները ցածր են և հենց այս օրերին աշխատում են, որ ջրի հարցը լուծվի:
Շիրակի մարզպետը շեշտեց, որ Մանթաշի ջրամբարի խնդիրը գտնվում է մի քանի մակարդակներում, նաև հիշեցրեց, որ օրեր առաջ է հանդիպել շուրջ 10 գյուղի բնակիչների հետ, որոնք օգտվում են Մանթաշի ջրամբարից`օգտագործելով նաև որպես խմելու ջուր, քննարկել են ջրի խնդիրները:
Ի դեպ, Մանթաշի ջրամբարից խմելու և ոռոգման ջուրը նույն հունով է գալիս, ինչն էլ իր հերթին է խնդիրներ առաջացնում: Բացի այդ, Արթիկի տարածաշրջանում ոռոգման և խմելու ջրի խդնիրները նոր չեն, և այստեղ որոշ գյուղերի ջրի միակ աղբյուրը ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող Մանթաշի ջրամբարն է:
Շիրակի մարզպետը նշեց, որ ջրամբարի ջուրը մաքուր են պահում, անգամ խոշոր եղջերավորներին տարածքում չեն արածեցնում, սակայն խնդիրը համակարգային է:
Ըստ նրա, այն գյուղերը, որոնք մոտ են Մանթաշի ջրամբարին ջուրն օգտագործում են և գոհ են, փոփոխություններ չեն ցանկանում, իսկ այն գյուղերը, որոնք հեռու են`ջուր գրեթե չեն ստանում և համակարգային փոփոխություներ են ցանկանում:
Մասնավորապես Փանիկ գյուղը ոոգման և խմելու ջրի խնդիր ունի, սակայն մարզպետի փոխանցմամբ, իրարից ոչ հեռու գտնվող գյուղերում բացակայում է համերաշխությունը և եթե մեկ մոտեցում լինի`ապա ջրի խնդիրները կլուծվեն:
Տիգրան Պետրոսյանը շեշտեց նաև, որ Մանթաշի ջրամբարի լցվածության ցուցանիշները ցածր են և տարածաշրջանում փորձում են ջրի այլընտրանքային տարբերակներ գտնել`արհեստական տեղումներ, փոքր ջրամբարների կառուցում, ձնհալի ջրի պահպանում և այլն։ Սակայն որ տարբերակն էլ ընտրվի`փողի խնդիր է:
Նշենք, որ Մանթաշի ջրամբարը տարիներ առաջ են վերանորոգել, կիսատ-պռատ, փողը ծախսվել է, իսկ ջրամբարը մնացել է գրեթե նախնական վիճակում:
Հիշեցնենք, որ Մանթաշի ջրամբարը գտնվում է Արագածի լանջին` 2550 մետր բարձրության վրա, Մանթաշ գետի վրա: Մակերեսը 0,79 կմ2 է, առավելագույն խորությունը 25 մ, ջրատարությունը 8,2 մլն մ3: Շաահգործման է հանձնվել 1967թ-ին, իսկ 1973թ-ին վերակառուցվել է: Պատվարը քարալիցքային է` երկաթբետոնե պաստառով:
Գոհար Ստեփանյան