Երբ ուսումնասիրում ես Հայաստանի արտաքին պարտքի կուտակման դինամիկան, գալիս ես այն եզրակացության, որ դրա հեղինակները, համենայն դեպս, բարյացակամ վերաբերմունք չունեն Հայաստանի հանդեպ: Հայաստանի արտաքին պարտքը 2005թ. կազմում էր 1,1 մլրդ ԱՄՆ դոլար, 2007թ.՝ 1,35 մլրդ ԱՄՆ դոլար: Սակայն 2008-2014թթ. ժամանակահատվածում այն գերազանցեց 5 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը և, դատելով առկա միտումներից և տեղեկատվությունից, շարունակում է աճել:
Ինչևիցե, աճելը՝ աճում է, բայց եկեք մի պահ սևեռենք մեր ուշադրությունը հետևյալ փաստի վրա՝ Հայաստանի վերցրած 5 մլրդ դոլարից ավելի վարկերի մոտավորապես 1,5 մլրդ դոլարը հատկացվել և ծախսվել է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար: Այսինքն՝ ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 30 տոկոսը ծախսվել է, որպեսզի հայ գյուղացուն, հայ մշակին, հայ արհեստավորին սովորեցնեն, թե ինչպես պետք է կազմակերպել աշխատանքային առօրյան: Ավելի արտահայտիչ լինելու համար բերենք հետևյալ օրինակը՝ ոմն օտարերկրացի, ով ավարտել է արտասահմանյան առաջնակարգ ԲՈՒՀ, սակայն տվյալ ոլորտում փորձ չունի, այլ ունի ընդամենը տեսական գիտելիքներ, գալիս է, ասենք, Արագածոտնի մարզ և լեռնային շրջանի 50 տարվա փորձ ունեցող գյուղացուն լեկցիա է կարդում գազարի, կաղամբի կամ կարտոֆիլի կառուցվածքի մասին: Եվ այս ամենի համար Հայաստանը վարկով վերցված գումարից նրան աստղաբաշխական թվեր է վճարում: Արդյունքում գյուղացին ոչ մի հետևություն չի անում վերոգրյալ լեկցիայից և շարունակում աշխատել այնպես, ինչպես աշխատել է տասնյակ տարիներ շարունակ, իսկ պետական պարտքի՝ ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրին բաժին ընկնող չափաբաժինն ավելանում է: Հարց՝ այդ ի՞նչ խիստ կարևոր անհրաժեշտություն էր օտարերկրացու լեկցիան լսելը, որ դրա համար այսքան ծախսերի կարիք զգացվեց:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: