Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերից բոլոր տուժածներին պատշաճ մակարդակով տրվել է բուժօգնություն: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«25 շտապօգնության կանչ է գրանցվել, 19 հոգի հոսպիտալացվել է, բայց քանի որ դեպքերը թեթև են եղել, նույն օրը բոլորը դուրս են գրվել, մի մասն էլ տեղափոխվել են ալկոհոլի և թմրամիջոցների փորձաքննության»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, երբ բժիշկը հրաժարվել էր օգնություն ցուցաբերել ոստիկանական գործողություններից տուժած աղջկան, Արմեն Մուրադյանը նշեց, որ իրավական գնահատականը պետք է իրականացնի համապատասխան գերատեսչությունը, որովհետև բժիշկն առողջապահական համակարգի բժիշկ չէ:
«Եթե որպես բժիշկ ներկայացնեմ իմ տեսակետը, կարող եմ ասել, որ այդ բժիշկը կարեկցանքի և հոգատարության իր պարտքը ոչ պատշաճ է կատարել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նախարարի կարծիքին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, ապա Արմեն Մուրադյանը նշեց, որ միշտ ձգտել է լինել օրինապաշտ քաղաքացի և ենթարկվել օրենքներին և որոշումներին, որ պետությունն ընդունում է:
«Ես Հայաստանի պայծառ ապագայի հանդեպ մեծ հավատ ունեմ և գտնում եմ, որ նոր սերունդը` իր ցանկացած դրսևորմամբ, չի կարող ընկալվել որպես ժողովրդից առանձին հատված: Այն քայլերը, որոնք արվում են, պետք է լինեն օրենքի շրջանակում, մասնավորապես` խոսքս վերաբերվում է կամք արտահայտելուն, դա չպետք է լինի այլոց կամքի հաշվին»,- ասաց Արմեն Մուրադյանը: