Իրավական 

ՀՔԾ-ն ուղեցույց է հրատարակել վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերաբերյալ

ՀՔԾում այսօր տեղի է ունեցել ծառայության կողմից մշակված և հրատարակված նոր ուղեցույցի շնորհանդեսը: Ուղեցույցը նվիրված է քրեական գործերով Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 2006-2014 թվականների իրավական դիրքորոշումներին:

Աշխատանքը հեղինակել են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման բաժնի աշխատակիցներ Ս. Ամիրխանյանը և Է. Ավագյանը:

Ուղեցույցի հեղինակների պարզաբանմամբ` շուրջ ինը տարվա ընթացքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք առանձին դեպքերում կարող են օրենսդրության տարբեր դրույթների միջև հակասությունների լուծման, գործնականում առաջացող բազմապիսի խնդրահարույց իրավիճակների իրավաչափ կարգավորման արդյունավետ ուղենիշ հանդիսանալ: Բոլորովին պատահական չէ, որ վերջին ժամանակներում քննչական պրակտիկայում հիմնարար նշանակություն ունեցող առանձին հարցեր, կիրառելի օրենսդրությունից զատ, լուծվում են նաև նշված դիրքորոշումներին համահունչ, ինչը, անխոս, նպաստում է նախաքննության որակի բարձրացմանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կողմից սույն ուղեցույցի հրապարակումը միտված է նպաստելու Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումների մատչելիությանը և հասանելիությանը:

Քրեական գործերով որակյալ և արդյունավետ նախաքննության իրականացման օրենսդրական պահանջն առարկայացնելու իմաստով դատախազաքննչական մարմինների աշխատանքներում զգալիորեն կարևորվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանի իրավական դիրքորոշումների անմիջական կիրառումը: Ներկայացվող ուղեցույցը, ինչ խոսք, կարող է զգալիորեն հեշտացնել Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից օգտվելուն միտված աշխատանքները և կարևոր տեղ զբաղեցնել դատադատախազաքննչական աշխատանքներին վերաբերող մասնագիտական գրադարանում, իր խոսքում նշեց ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանը:

Ասենք, որ հրատարակված ուղեցույցից արդյունավետորեն օգտվելու պարագայում վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը կարող է, նախ, լիարժեք և ամբողջական տեղեկատվություն ստանալ այն մասին, թե արդյոք խնդրո առարկա հանդիսացող օրինադրույթի առնչու­թյամբ առկա է նախադեպային բնույթի որևէ որոշում, այնուհետև՝ ըստ գործի հա­մարի և որոշման կայացման տարեթվի, փնտրել այն իրավական-տեղեկատվական հա­մապատասխան էլեկտրոնային համակարգերում (www.datalex.am, www.arlis.am, www.court.am) կամ այլ աղբյուրներում:

Ուղեցույցում ամփոփված են ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 2006-2014 թթ. որոշումները: Դրանք համակարգված են որոշակի տրամաբանական հաջորդականությամբ՝ ըստ ընդունման տարեթվերի և ՀՀ քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերի հոդվածների հերթականության, ինչն առավել դյուրին է դարձնում պահանջվող իրավադրույթի հետ կապված նախադեպային որոշման առկայության պարզումը:

Նույն շարքից