Իրավական 

Պերմյակովի գործը Հայաստանին փոխանցելու հստակ ժամկետներ այս պահին հնարավոր չէ նշել. Դատախազություն

ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև երկարատև բանակցություններից հետո որոշում է կայացվել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի պանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին հանձնելու վերաբերյալ:

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը բանակցությունների ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի, ինչպես նաև ՌԴ ՍԴ նախագահ Վ. Զորկինի հետ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի աննախադեպ լինելը, վարույթների փոխանցման հարցը քննարկվել է ոչ միայն երկու երկրների քրեադատավարական օրենսդրության, այլև սահմանադրական և միջազգային իրավունքի տեսանկյունից:

Արդյունքում կայացվել է իրավական որոշում՝ ՌԴ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործը՝ սպանության մասով, ՀՀ իրավապահներին փոխանցելու վերաբերյալ:

Ընթացակարգային հարցերի կարգավորումից հետո գործը կփոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Հստակ ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ: Սակայն հստակ է, որ սպանության գործը քննելու են ՀՀ իրավապահները, արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները, մեղադրանքը պաշտպանելու է գործով հսկողություն իրականացնող դատախազը, դատավճիռը կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից:

Հաշվի առնելով գործընթացի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, դրան առնչվող թույլատրելի տեղեկատվությունը պարբերաբար կհրապարակվի պաշտոնական հաղորդագրությունների միջոցով»:

Նույն շարքից