Ամերիկյան տիեզերական գործակալությունը ստեղծել է մեր մոլորակի խճանկարային պատկերը, որը կազմված է 36.000 առանձին լուսանկարներից, որոնք արվել են «Երկրի օրը» և հրապարակվել սոցցանցերում՝ #GlobalSelfie հեշթեգով, հայտնում է Russia Today-ը:
Դեռ ապրիլին ՆԱՍԱ-ն հարցում էր արել՝ որտե՞ղ եք դուք աշխարհի վրա։ ՆԱՍԱ-ն խնդրել էր դրսում «սելֆի»՝ ինքնալուսանկար անել և հրապարակել սոցիալական ցանցերում՝ #GlobalSelfie հեշթեգով: Նախաձեռնության նպատակն էր յուրաքանչյուր լուսանկարն օգտագործել որպես պիքսել և ստեղծել գլոբալ՝ համաշխարհային «սելֆի»։
Նախաձեռնությանը մարդիկ արձագանքել են բոլոր աշխարհամասերի 113 երկրներում ու բնակավայրերում՝ Անտարկտիկայից մինչև Եմեն, Գրենլանդիայից մինչև Գվատեմալա, Պակիստանից մինչև Պերու: Ստեղծված խճանկարը խոշորացման ենթակա 3.2 գեգապիքսել չափի լուսանկար է, որում կարելի է անհատական լուսանկարները նշմարել:










