Գիտություն 

Գրականության ոլորտում Նախագահի մրցանակին որևէ գիրք չարժանացավ` բավարար ձայն չստանալու պատճառով. Հանձնաժողովի նախագահ

ՀՀ Նախագահի մրցանակին գրականության բնագավառից ներկայացված գրքերից և ոչ մեկն այսօր չարժանացավ մրցանակի: Գրականության ոլորտի հանձնաժողովի նախագահ Ազատ Եղիազարյանը լրագրողների հետ զրույցում խոսելով դրա պատճառների մասին՝ նշեց, որ թեև բոլոր գրքերը բարյացակամորեն ընդունվել են հանձնաժողովի կողմից, սակայն որևէ մեկը ձայների մեծամասնությունը չի ստացել, այսինքն՝ հանձնաժողովի 7 անդամներից առնվազն 4-ի ձայնը:

«Հանձնաժողովի ընտրությամբ 3 գիրք է անցել 2-րդ փուլ՝ Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուն, Արևշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» գիրքը և Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքների ժողովածուն: Առաջին գիրքը դուրս մնաց կանոնակարգային խախտման պատճառով, բանաստեղծությունների մի մասը կրկնվում էր: Մյուս երկու գրքերը չստացան բավարար ձայներ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ ներկայումս գրականության ոլորտում որևէ լավ աշխատանք չունենք, Ազատ Եղիազարյանը հորդորեց հարցին այդպես չվերաբերել:

«Գրքերը շատ լավ վերաբերմունք ստացան, բայց քվեարկությունը մնում է քվեարկություն, իսկ գրականությունն ու արվեստն այնպիսի բան են, որ խիստ տարբերվում են ընկալումներով: Խոսքը միայն այս մասին է, ու սա ներկայացնել ապացույց, որ ոլորտում որևէ լավ բան չկա, ճիշտ չէ: Հանձնաժողովում ի սկզբանե նման որոշում չի եղել՝ որևէ մեկին չարժանացնել մրցանակի»,-հավաստիացրեց նա:

Հարցին, թե ժամանա՞կ է պետք, որ գրական գործերը գնահատվեն անգամ գրականագետների կողմից, պատասխանեց, որ երբեմն իսկապես լինում է ժամանակի խնդիր:

«Հնարավոր է՝ գրականագետը կարդա ու չգնահատի գիրքը, բայց հանձնաժողովի անդամները չստուգված տպավորությամբ չեն քվեարկում, ամեն մեկը ունի իր տեսակետը և քվեարկում են դրանց հիման վրա»,-ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք համոզված է, որ բոլորը կարդում են մրցանակի ներկայացված գրքերը, վստահություն հայտնեց, որ բոլորն էլ կարդում են, որովհետև պատասխանատու մասնագետը չի կարող գնալ քվեարկության առանց կարդալու:

«Ընդհանրապես, մարդը, որը ներկայացրել է գիրքը համոզված է, որ այն արժեքավոր է, իսկ որ չի արժանանում մրցանակի կարծում է, որ չեն կարդացել: Բայց ես գոնե այդպես բան չգիտեմ, որ առանց կարդալու գան քվեարկության»,-ասաց նա:

Նույն շարքից