Գիտություն 

Միջազգային ծրագրերը, մասնավոր ներդրումները եւ գիտելիքի առևտրայնացնումը` բուհերի զարգացման նոր ուղղություններ. Աշոտյան

Միջազգային ծրագրերը, մասնավոր ներդրումները եւ գիտելիքի առեւտրայնացնումը բուհերի զարգացման նոր ուղղություններն են: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԿԳՆ-ում, ռեկտորների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:


Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են բուհական մասնագիտությունների ցանկին, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով բուհերում իրականացվող ծրագրերին, Հայաստանի Բոլոնիայի քարտուղարության  ստանձնման հետ կապված միջոցառումներին, բուհերի միջազգայնացմանը  եւ  աշխատանքային մի շարք այլ խնդիրների: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ  բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը ներկայացված է կառավարության քննարկմանը եւ հաստատմանը, ուստի բուհերը առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում պետք է կազմեն եւ ներկայացնեն մասնագիտությունների ցանկին համապատասխան իրենց կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ:


Նախարարը, դիմելով ռեկտորներին, շեշտել է, որ 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որով հստակ սահմանվում են ուսման վարձի զեղչերից օգտվող ուսանողների խմբերը: Հետեւաբար բուհերը պարտավոր են  իրենց  բյուջեները պլանավորելիս նկատի ունենալ նաեւ այս խնդիրը եւ պատրաստ լինել օրենքի կիրարկմանը. «Ընդհանրապես ուսանողական զեղչերի համակարգը լուրջ ուղղություն ստացող ծրագիր է պետություն համար, եւ այստեղ երկու  կարեւոր բաղադրիչ կա. առաջին՝ բուհերը պետք է անպայման ընտանեկան նպաստի «Փարոս» համակարգում ներգրավված ընտանիքների ուսանողների հաշվառումը ճշգրիտ կարողանան իրականացնել, քանի որ այս խմբի ուսանողների դեպքում   պետության կողմից վարձավճարների 50-100 տոկոս փոխհատուցում է նախատեսվում: Երկրորդն արդեն բուհական բյուջեների միջոցներով  արվող զեղչերն են:


Հարգելի՛ ռեկտորներ, ես Ձեզ հորդորում եմ, 2015 թվականի բյուջեի պլանավորման հիմքում անպայման դրեք օրենքով սահմանված ուսանողական զեղչերի պահանջը» ,- իր խոսքում շեշտել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ բուհերը պետք է ուսանողական զեղչերի մասին ստույգ վիճակագրություն ներկայացնեն:


Հաջորդ խնդիրը, որը կարեւորել է նախարարը՝  բուհերի միջազգայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընդլայնման անհրաժեշտությունն է: Ա. Աշոտյանի գնահատմամբ միջազգային ծրագրերում ընդգրկվելու եւ կապերն ընդլայնելու ուղղությամբ  Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող քայլերը   բավարար չեն. «Մեր բուհերը չեն կարողանում արդյունավետ օգտագործել միջազգային հարթակները գործընկերներ փնտրելու, գտնելու եւ համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել բուհական միջազգային կապերով զբաղվող ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, քանի որ Եվրոպական միության կրթական ծրագրերի մեջ  մենք կարող ենք ավելացնել մեր մասնակցությունը: Դա առաջին հերթին անհրաժեշտ է բուհերին, որովհետեւ միջազգային ծրագրերը նաեւ ֆինանսավորում են ենթադրում, ենթակառացվածքների զարգացման հնարավորություն են ընձեռում»,- նշել է Ա. Աշոտյանն ու հավելել, որ «Էրազմուս պլյուս» ծրագիրը, որին մասնակից է նաեւ Հայաստանը,  նոր հնարավորություններ է ընձեռում բարձրագույն ուսումնական հաստատությունների համար:

Նույն շարքից