Սյունիքի տխրահռչակ մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալներ Վիտալի Ավագյանի, Կարեն Աթաջանյանի և Հենրիկ Ավագյանի պաշտպաններ Լյուդվիգ Ավետիսյանը, Վահան Հովհաննիսյանն ու Սյուզաննա Խչեյանը անպայման բողոքարկելու են իրենց պաշտպանյալներին կալանավորելու դատարանների որոշումները: Այս մասին «Փաստինֆո»–ի թղթակցին հայտնել են պաշտպանները՝ նշելով, որ իրենց պաշտպանյալները չեն ընդունում մեղադրանքը:
Պաշտպան Սյուզաննա Խչեյանը նշել է, որ իր պաշտպանյալ Հենրիկ Ավագյանը ցուցմունք չի տվել ու մեղադրանքի շուրջ դիրքորոշում չի հայտնել:
Կարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը նշեց, որ կալանավորման որոշումն անհիմն էր ու չպատճառաբանված ու որևէ հիմնավորում չներկայացվեց նաև դատարանում:
Վիտալի Ավագյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով ձեռք բերված զենք, 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով սպանության փորձին օժանդակելը, Կարեն Աթաջանյանին՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին և 8-րդ կետերով՝ շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձին օժանդակելը և Հենրիկ Ավագյանին՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին և 8-րդ կետերով՝ շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ: