Անցած գիշեր՝ ժամը 03-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա, կոտրել են խանութի ապակիները, դռները:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Քննության հայտնած տվյալների համաձայն՝ կատարողը Զարզանդ Նիկողոսյանն է:
Դեպքի առթիվ Կապանի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում այս պահի դրությամբ դեռևս գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքի կապակցությամբ:
Կարեն Աթաջանյանի մերձավորները կոչ են անում «այդ անձանց խոհեմություն, ողջամտություն ու զսպվածություն դսևորել» և սպասել դատարանի դատավճռին՝ երկու կողմն էլ նույն քաղաքի բնակիչներ են, և այս ամեն ինչը հղի է նոր վտանգներով՝ այս ու այն կողմից: Առավել ևս, որ ներկա դրությամբ նախաքննություն է ընթանում և դեռևս պարզված էլ չէ, որ Կարեն Աթաջանյանը մեղավոր է կամ որ ընդհանրապես մասնակցություն է ունեցել մարզպետի մահափորձի դեպքին:
Կարեն Աթաջանյանի հարազատները նշել են, որ երբևէ որևէ թշնամություն չեն ունեցել Սուրիկ Խաչատրյանի հետ, հակառակը՝ Ս.Խաչատրյանն ու Կարեն Աթաջանյանը միասին մասնակցել են Հայաստանի ու Ղարաբաղի սահմանների պաշտպանությանը, իսկ Զարզանդ Նիկողոսյանն ու Մհեր Աթաջանյանը մտերիմ ընկերներ են:
Կարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն իր հերթին հիշեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածը՝ Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը, որի համաձայն, «քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում