Մշակույթ 

Տեղի ունեցավ «Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

Այսօր  «Թատրոն 32»-ում տեղի ունեցավ արվեստի մի քանի ոլորտներ  միաժամանակ ընդգրկող, «Մեկ տանիքի ներքո» խորագրով   «Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, «Արտ ֆեստ» փառատոնի հիմնադիր` Արմեն Մազմանյանի հիշատակին:


Փառատոնի հիմնադիր տնօրեն Էրիկ Բարսեղյանը ողջունեց ներկաներին,  և շնորհակալություն հայտնելով փառատոնի մասնակիցներին և բոլոր աջակիցներին,  նշեց, որ փառատոնին ակտիվորեն մասնակցել են  մարզային ստեղծագործական միավորումներն ու անհատ ստեղծագործողները: Եղել է  հայտերի աննախադեպ լիություն` 155 հայտ, ավելի քան 200 մասնակից, որոնցից էլ այսօր ընտրվել և մրցանակների են արժանացնել լավագույնները:

 

Փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի փառատոնը կդառնա համահայկական, որովհետև, նրա խոսքով, սփյուռքի կողմից ակտիվ արձագանքներ են եղել: 


  «Թատերական արվեստ»-ի շրջանակում ապրիլի 23-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում     ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Հայաստանի թատերական գործիչների միությունում, Պետական  երաժշտական կամերային թատրոնում, ինչպես նաև «Թատրոն 32»-ում ցուցադրվել են 25 ներկայացումներ: 

 

Փառատոնի «Կինոարվեստ» խորագրով ցուցադրությունները  մայիսի 19-21-ը ներկայացվել են «Նարեկացի» արվեստի միությունում:

 

«Կերպարվեստ» անվանակարգում գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, լուսանկարչության ցուցադրություններն այցելուներին  մայիսի 21-ին՝ եղանակային փոփոխությունների պատճառով ներկայացվել են Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը :

 

Ստեղծագործությունների ցուցադրություններից հետո, մասնագիտական հանձնախումբը, որը բաղկացած է եղել պրոֆեսիոնալ մասնագետներից, ընտրել է լավագույն ստեղծագործությունները, որոնք էլ այսօր արժանացան բրոնզե, արծաթե և ոսկե մրցանակների:  


«Պարույր Սևակ» ներկայացումով ոսկե  մրցանակին արժանացած Կարեն Բաբաջանյանը շնորհակալություն հայտնելով փառատոնի կազմակերպիչներին, նշեց, որ  դա իր առաջին մրցանակն է, որը շատ պարտավորեցնող է:  Նա հույս հայտնեց, որ փառատոնը հաջորդ տարի ավելի մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ կունենա, քանի որ այն շատ կարևոր և գեղեցիկ միջոցառում է երիտասարդ արվեստագետների համար:

 

ԵԹԿՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը «Արտ ֆեստ» փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ  շնորհակալություն հայտնեց փառատոնի բոլոր մասնակիցներին և նշեց, որ արվեստը նորանում է նոր անունների շնորհիվ: Նա շեշտեց, որ կարևոր  է տեսնել սերնդի դիմանկարը, կարևոր է նաև այդ սերնդի մեջ տեսնել անհատականությունների,  և հենց  այս փառատոնի շնորհիվ հնարավոր եղավ տեսնել հետաքրքիր լուծումներ ստացած ստեղծագործություններ և բացահայտել նոր անուններ:  

  Փառատոնի հիմնադիր տնօրեն Էրիկ Բարսեղյանը  հատուկ շնորհակալագրեր հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և  շնորհակալություն հայտնեց «Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնի ինֆորացիոն գործընկերներին:

 

 

Հիշեցնենք, որ Երկրորդ «Արտ-ֆեստ»-ի մեկնարկը տրվել էր  մայիսի 10-ին:


«Արտ-ֆեստ»-ն իր գործունեությունն սկսել է 2013 թվականին: Փառատոնի հիմնադիրն է ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵԿԹՊ-ի նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանը, ում հիշատակին էլ այս տարի նվիրված էր «Արտ-ֆեստ»-ը: Փառատոնը ներկայացուցչական մրցութային բնույթի է, որին մասնակցում են մշակութային միավորումներ, ստեղծագործական խմբեր և անհատներ: 

 

Այն նպատակ ունի աշխուժացնել մայրաքաղաքի, մարզերի երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, բացահայտել նոր անուններ, ընդլայնել ստեղծագործ երիտասարդների մասնագիտական համագործակցության շրջանակը:

 

«Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնն իր ձևաչափով տարբերվում է թատերական այլ փառատոներից, քանի որ այն ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ միաժամանակ` թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

 

 analitik.am-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորներից մեկն է:

 

Նույն շարքից