Մշակույթ 

Պուշկինի հուշարձանը կտեղադրվի Դելֆախում

 Պուշկինի հուշարձանը կտեղադրվի Դելֆախում: Մտադրություն  բացել  գրական հերոսներով այգի:

 

Հուշարձանի բացումը կկայանա հունիսի 6-ին, հենց այդ օրն էլ նշվում է ռուսաց լեզվի տոնը:

 

Ալեքսանդր Պուշկինը սերում է ազնվականական տոհմից: Նախնական կրթությունն ստացել է տանը, 1811–17 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի մերձակա Ցարսկոյե Սելոյի (այժմ՝ քաղաք Պուշկին) պետական լիցեյում, գրել առաջին բանաստեղծությունները: 1817–20 թթ-ին աշխատել է արտաքին գործերի կոլեգիայում, մասնակցել գրական-հասարակական կյանքին («Արզամաս», «Կանաչ լամպ» գրական խմբակներ), ձեռք բերել գրական համբավ:


1824–26 թթ-ին Պուշկինն ապրել է Պսկովի նահանգի Միխայլովսկոյե գյուղում՝ տեղական իշխանության մշտական հսկողության տակ: Այս շրջանում նա գրել է «Կոմս Նուլին» (1824 թ.) պոեմը, «Բորիս Գոդունով» (1825 թ.) պատմական ողբերգությունը և այլ գործեր, որտեղ վերջնականապես անցում է կատարել ռեալիզմին, ստեղծել կյանքի օբյեկտիվ, իրական պատկերը, բազմակողմանի, հանգամանքների թելադրանքով գործող ու զարգացող բնավորություններ, պատմական անհատներին և նրանց արարքները բնութագրել աշխատավոր մարդու տեսանկյունից:


Աքսորավայրում իմանալով դեկաբրիստների աքսորի և 5 ղեկավարների մահապատժի մասին՝ Պուշկինը, հավատարիմ իր ազատասիրական գաղափարներին, համարձակորեն նրանց հղել է չափածո ուղերձ՝ «Ի Սիբիր» (1827 թ.):


1825–30-ական թվականների ստեղծագործությունները Պուշկինի հանճարի բարձրագույն արտահայտությունն են: 1830 թ-ին Նիժնի Նովգորոդի նահանգի Բոլդինո գյուղում 3 ամսվա ընթացքում («բոլդինյան աշուն») ստեղծել է տարբեր ժանրերի շուրջ 50 երկ, այդ թվում՝ «փոքր ողբերգությունները»՝ «Ժլատ ասպետը», «Մոցարտը և Սալիերին», «Քարե հյուրը», «Խրախճանք ժանտախտի պահին» և այլն, որոնք առաջնակարգ տեղ ունեն ռուսական դրամատուրգիայի և հոգեբանական ռեալիզմի պատմության մեջ: Այստեղ Պուշկինն ավարտել է իր գլուխգործոցը՝ «Եվգենի Օնեգին» (1823–31 թթ.) չափածո վեպը, որը, Բելինսկու բնորոշմամբ, ռուսական կյանքի գեղարվեստական հանրագիտարան է:


Վեպում անհատի հակամարտությունն իրականության հետ և նրա հոգեկան դրաման ներկայացված են 1810–20-ական թվականների հասարակական կյանքի համայնապատկերում: Հանձին վեպի հերոսուհի Տատյանայի՝ Պուշկինն ստեղծել է իր «սիրելի իդեալը»՝ ռուս կնոջ բացառիկ ամբողջական, բարոյապես վսեմ ու հմայիչ կերպարը:

 

 

Կյանքի վերջին տարիներին Պուշկինի համար ավելի անտանելի էին արքունական-ազնվականական միջավայրի խարդավանքները, և ի վերջո դարձել է դրանց զոհը: 1837 թ-ի հունվարի 27-ին  ֆրանսահպատակ Ժորժ Դանտեսի հետ մենամարտում մահացու վիրավորվել է և 2 օր անց վախճանվել:


Պուշկինի երկերը թարգմանվել են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Նրա ստեղծագործությունը մշտապես ռուս և համաշխարհային գրականության ուշադրության կենտրոնում է: Պուշկինագիտությունը ռուս գրականության ամենաընդգրկուն ճյուղերից է և իր զարգացման բոլոր փուլերում պայմանավորվել է ազգային գրականության, պատմության, տեսության կարևորագույն հանգուցային հարցերով:

 

Նույն շարքից