Գիտություն 

«Levitt»-ը երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական պարբերականներում հոդվածներ տպագրելու հմտություններ է տալիս

«Levitt»-ը համախմբել է երիտասարդ տնտեսագետներին։ «Levitt»-ը տնտեսագիտական ծրագիր է, որն իրականացնում են Մարքեթինգի հայկական ակումբը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։

            «Levitt»-ը կրում է ամերիկացի տնտեսագետ, «Harvard Business Review»-ի խմբագիր և բիզնես աշխարհին իր «Մարքեթինգային կարճատեսություն» հոդվածով հայտնի Թեոդոր Լևիտի անունը: Գիտական այս նախագծին մասնակցում են մարքեթինգի կամ հարակից մասնագիտությունների չորրորդ կուրսի ուսանողներ, մագիստրոսներ, ասպիրանտներ, ովքեր ցանկություն ունեն զբաղվելու գիտական գործունեությամբ:

Ծրագրի նպատակն է աջակցել այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են տնտեսագիտության (մասնավորապես, մարքեթինգի) համաշխարհային հարթակում իրենց ձայնն ու ասելիքը լսելի դարձնել գիտական հոդվածների միջոցով: Նախագծի շրջանականերում մայիսի 24-ին, 25-ին կայացած դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին միջազգային գիտական պարբերականներում հոդվածներ տպագրելու հմտություններ: Դասընթացները վարում էր տնտեսագիտության թեկնածու, միջազգային բազմաթիվ գիտական նախաձեռնությունների մասնակից Կարապետ Առաքելյանը:

Դասընթացներից հետո մասնակիցներին շուրջ երկու ամիս ժամանակ է տրվել՝ սեփական գիտական հոդվածները պատրաստելու համար: Հրավիրված պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները կստանան հավաստագրեր, պատվոգրեր և մրցանակներ:

 



Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նույն շարքից