Մշակույթ 

Կոնսերվատորիայի ռեկտորին առաջարկում են բուհի քննություններն ու ստուգարքները դրսում անցկացնել

Ֆեյսբուքյան «Անկախ Հայաստան» օգտատերը հանդես է եկել Երևանի քաղաքապետին և Կոնսերվատորիայի ռեկտորին ուղղված բաց նամակով, որում առաջարկում է Կոնսերվատորիայի քննություններն ու ստուգարքներն անցկացնել դրսում՝ որպես քաղաքային մշակույթի մաս։

 

Նրա առաջարկին միացել է նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ գրելով. «Անկախ ջան, Կոնսերվատորիան ԿԳՆ ենթակայության տակ է: Մեզ էլ միացրա այդ գործին»։

 

Բաց նամակը ներկայացնում ենք ստորև.

 

«Աշխարհ տեսած» բոլոր անհատները կարող են հաստատել այն փաստը, որ աշխարհի շատ մայրաքաղաքներում օրվա տարբեր ժամերին կարող ես կենդանի կատարմամբ ունկնդրել հաճելի երաժշտություն, որը «հանգստացնում է» լարված ու հոգնած առօրյայից հետո: Այդպես ձևավորվում է քաղաքային մշակույթ, դա ժամանակակից քաղաքի բաղկացուցիչներից մեկն է դառել: Դա մեր պատկերացրած «փող հավաքելը չի», դա հատուկ պլանավորված քաղաքականություն է:

Տեղյակ եք, որ Երևանում այդ «սուրբ գործը» իրականացնում են ավտոների ու ագռավների ձայները, որը երևի էլի քաղաքային մշակույթի, բայց դե մի ձև էն չի ելի ՃՃՃ

Հաշվի առնելով վերոգրյալը` ցանկանում եմ հանդես գալ առաջարկով: Խնդրում եմ Ձեզ, համագործակցելով իրար հետ ապահովեք, որ Կոնսերվատորիայի զաչոտներն ու քննությունները անցկացվեն բաց ու քաղաքի տարբեր մասերում (իհարկե քաղաքապետարանի կողմից հաստատված տարածքներում) և պատկերացրեք` ինչ հաճելի կլինի. մի տեղ ջութակ կհնչի, մի տեղ ֆլեյտա, մի տեղ դաշնամուր ... դասախոսներն էլ թող ուրախացած անցորդների հետ կանգնեն, լսեն, ծափահարեն ու գնահատական դնեն: Ինչ խնդիր կա՞:

 

Ես ավելի քան վստահ եմ, որ այդ խնդրանքս իրականացնելը ոչ մի դժվարություն չի ներկայացնի իրենից, բայց հաստատ մի լավ բան կավելացնի Երևանի համար»:

Նույն շարքից