Վերջին տարիներին մեր մշակութային կյանքի անբաժենելի մաս դարձած «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կկայանա հուլիսի 13-20-ը: Փառատոնն այս տարի ներկայացվում է Փարաջանովյան շնչով՝ նվիրված արվեստագետի 90-ամյա հոբելյանին: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմեր, ինչպես նաև հենց նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրումներ կլինեն: Փարաջանովի «Նռան Գույն»-ով էլ կմեկնարկի «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը:
Արդեն հայտնի են կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու ժյուրիի կազմը. այս մասին այսօր ասուլիսի ժամանակ խոսեցին փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը և Հայկական համայնապատկեր ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյանը: Ֆիլմերը կներկայացվեն 4 մրցույթում՝ Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ»: Մրցութային ծրագում ընդհանոր թվով մոտ 70 ֆիլմ է ընդգրկված:
Խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում կլինի 10 ֆիլմ: Կան և՛ անվանի ռեժիսորներ, և՛ սկսնակներ: Միքայել Ստամբոլցյանը անվանիներից նշեց «Պատանեկություն» ֆիլմի ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի անունը, ով 2 անգամ եղել է Օսկարի նոմինանտ: Բեռլինի փառատոնում «Պատանեկություն» ֆիլմի համար նա այս տարի ճանաչվել է լավագույն ռեժիսոր: Խաղարկային մրցույթն այս տարի կղեկավարի իտալացի կինոքննադատ Մարկո Մյուլերը, ով 7 տարի ղեկավարել է Վենետիկի կինոփառատոնը: Ժյուրիի կազմում կլինեն ռեժիսոր Արդան Գոլուբովիչը, ով անցած տարվա հաղթողն է, օպերատոր Քրիստինա Բերքերը, դերասանուհի Աննա Մուգալիսը և գրող Պետրոս Մարկարիսը:
Հայկական համայնապատկեր ծրագրի մրցույթում ընգրկված են 18 ֆիլմ՝ հիմնականում հայկական արտադրության ֆիլմեր: Հայկական համայնապատկեր ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ այս մրցույթում ժյուրին կղեկավարի ֆրանսիացի կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին, կազմում կլինեն կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը, կինոռեժիսոր Մարիա Սահակյանն ու պրոդյուսեր Կարեն Արիկյանը: Խոսելով ներկայացված հայկական արտադրության ֆիլմերի մասին Ր. Մովսիսյանն ասաց, որ մեր ֆիլմերը որակով շատ լավն են, անգամ ավելի լավը, քան դրսից բերված շատ ֆիլմեր:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում կլինի մոտ 30 ֆիլմ, ժյուրիի նախագահը կլինի Էրեզ Փերին: Վերջինս Իսրայելի Cinema South ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրենն է: Իսկ Միջազգային վավերագրական մրցույթում կլինեն 12 ֆիլմ: Ժյուրիի նախագահն է հայերի ընտանիքում ծնված Երվանդ Ջանիկյանը: