Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնը, որը տեղի կունենա հունիսի 19-ից 28-ը, ներկայացրեց այս տարվա ծրագիրը: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ փառատոնի «Ռուսական հետք» պաշտոնական ծրագրում ներկայացված է նաև հայկական ֆիլմ` Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային ֆիլմաշարի առաջին` «Հայկ. Փախուստ» վավերագրական աշխատանքը:
Մոսկվայի կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա ֆիլմի ռուսական պրեմիերան: Ի դեպ ֆիլմի հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում:
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է, այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին` արտագաղթին: «Հայկ. փախուստ» ֆիլմի նյութը ընդգրկում է 1980-ականներից մինչև մեր օրերը նկարահանված տեսանյութեր:
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Նյոնի «Vision du Reel» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, ապա առանձին ցուցադրություններով ներկայացվեց Կանն միջազգային կինոփառատոնում:
«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունոմ ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակների «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում: