Հունիսի 23-ին և 25-ին Մոսկվայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում կայացել է ճանաչված կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Ապակե Կախազարդը» գեղարվեստական ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կալկաթայի միջազգային կինոփառատոնում 2013թ. Նոյեմբերի 10-ին։
Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը, բացի բեմադրող ռեժիսորներից, նաև սցենարի հեղինակներն ու պրոդյուսերներն են։
Նրանց ֆիլմերը մասնակցել են ավելի քան 50 միջազգային կինոփառատոնների, այդ թվում՝ Բեռլինի, Մոսկվայի, Լոկառնոյի, Մոնրեալի, Ռոտտերդամի, Էդինբուրգի, Սիդնեյի, Պուսանի, Գոթեբուրգի, Տոարմինայի, Օդենսեի, Կոտբուսի, Կալկաթայի, Տարագոնայի և այլն, ստացել մրցանակներ և լայն արձագանք մամուլում:
Սա երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է: Հեղինակների բնութագրմամբ՝ «այս ֆիլմը սիրո և կյանքի արժևորման մասին է, միակ բանը, որ մեզ մղում է ապրելու»։
Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են երիտասարդ դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Մագդալենա Մնացականյանը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Կարեն Ջանիբեկյանը, Վահագն Սիմոնյանը, Կոնստանս Միշելեն, Ռոմեին Սիզանան, Արմեն Աբելյանը, Նարինե Գրիգորյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը և այլք։
Ֆիլմն արդեն արժանացել է բազմաթիվ մասնագետների բարձր գնահատականին։