Երիտասարդական ակումբների դաշնությունը հուլիսի տասներկուսին կազմակերպում է թվով երկրորդ «Վարդավառ» միջազգային փառատոնը», որն անց է կացվելու Գեղարդի և Գառնիի տարածքում:
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը մամուլի ասուլիսին նշեց, որ Վարդավառն այն տոներից է, որն ունի քրիստոնեական, հեթանոսական և որ ամենակարևորն է՝ ազգայի հիմք:
«Այն երիտասարդական տոն է, Հայաստանի տարբեր մարզերում իր նշելու տարբեր ձևերն ունի և տեղեր կան, որ Վարդավառը նույն շուքով են նշում, ինչպես Նոր տարին»,-ասաց նա և նշեց, որ ցանկանում են, որ փառատոնն ունենա կրթական նշանակություն և այն սկսվելու է ուխտագնացությամբ:
Փառատոնի համակարգող Հայասա Թահմազյանը նշեց, որ փառատոնը երկու մասից է բաղկացած լինելու։ Առաջին մասը լինելու է Գեղարդի վանքում, որտեղ կլինի երիտասարդության օրհնության և մատաղի օրհնության կարգ: Երկրորդ մասը կանցկացվի Գառնու տաճարում, որտեղ էլ կլինի Վարդավառին նվիրված տաղավարների բացում, ինչպես նաև՝ ազգային երգ, պարի ու խաղերի ներկայացումներ:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը փառատոնի ներկայացմամբ կարևորեց մեր մշակույթը ներկայացնելը՝ ասելով, որ իրենք շեշտը հիմնականում դնում են տոնի քրիստոնեական խորհրդի վրա:
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արեն Օհանյանը նշեց, որ Կոտայքի մարզը զբոսաշրջային կարևոր մարզերից է, և կարևորեց հատկապես երիտասարդության մասնակցությունը: