Իրավական 

Ծննդատանը հրազենային վնասվածք ստացած կնոջ մոտ դրական տեղաշարժ կա. ԱՆ

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում հունիսի 30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 27-ամյա կնոջ առողջական վիճակում  առկա է դրական շարժընթաց: Գիտակցությունը պահպանված է, հեմոդինամիկ բոլոր ցուցանիշները դրական են,  հավասարակշռված պատասխանում է  բժիշկների հարցերին, զգալի  նվազել է այտուցվածությունը, տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Կինը դեռևս գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում` բնական շնչառության պայմաններում:  Կյանքին սպառնացող վտանգները հաղթահարված են:

Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած երեխայի առողջական վիճակում նույնպես առկա է դրական տեղաշարժ:  Նորածինը շնչում է  առանց արհեստական շնչառության սարքի օգնության: Ստանում է արհեստական սնունդ:  Բոլոր ցուցանիշները նորմի սահմաններում են:

Բժշկական անձնակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները` մոր և նորածնի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ:  Մասնագետները նրանց առողջական վիճակի մասին ամեն օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարարին:

Նշենք, որ վերջին մեկ շաբաթում  Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում փրկվել է ևս երկու մոր և նորածնի կյանք:

Գյումրիից ծանր վիճակում, 3-րդ աստիճանի անեմիայով  կինը տեղափոխվել է  Երևան, կատարվել է կեսարյան  հատում: ՀՀ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասնագետների  խորհրդատվության արդյունքում որոշվել է ծննդկանին փոխներարկել անհրաժեշտ  քանակությամբ էրիտրոցիտներ, պլազմա: Այժմ մոր և նորածնի վիճակը գնահատվում է  բավարար:

Մյուս դեպքում` 19-ամյա կինը 2-րդ ծննդաբերության ժամանակ բարդացած մանկաբարձական անամնեզով ընդունվել է Աբովյանի բժշկական կենտրոն, հետծննդյան շրջանում ունեցել է արյունահոսություն: Ծննդկանի  կյանքը փրկելու նպատակով ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ մասնագիտական խորհրդատվության արդյունքում կատարվել են անհրաժեշտ միջոցառումներն ու օպերատիվ միջամտություններ: Կնոջ  առողջական վիճակը գնահատվում է  բավարար:

Նույն շարքից