Ազատ Վշտունին ծնվել է 1894-ի հուլիսի 17-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Երեմյան դպրոցում։ 1908-1911-ին սովորել է Կոնստանտինոպոլսի կենտրոնական վարժարանում։ 1911-ին մեկնել է Փարիզ և դարձել Սորբոնի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետի ազատ ունկնդիր։ 1914-ին մեկնել է Թիֆլիս։
1918-1919-ին աշխատել է Թիֆլիսի Հին Ներսիսյան որբանոցում, որտեղ հիմնադրել է Փարոս տպագիր հանդեսը։ 1919-1920-ին եղել է Ղրիմում։
Հայրենադարձության գործով 1921-ն մեկնել է Իրան և Իրաք։ Խմբագրել է «Մուրճ» ամսագիրը (1922), «Դիրքերում» երկշաբաթաթերթը (Թիֆլիս, 1924), «Մուրճ-մանգաղ» թերթը (Հյուսիսային Կովկաս, Դոնի Ռոստով, 1926-1927), «Գեղարվեստի ֆրոնտում», «Խորհրդային Հայաստան»-ի գրական հավելվածը (Երևան, 1930), «Խորհրդային արվեստ» (Երևան, 1932-1934) ամսագիրը։ Եղել է Սովետական Հայաստանի գրական առաջին կազմակերպության՝ Սովետական Հայաստանի գրողների ասոցացիայի նախագահը, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիայի ներկայացուցիչը Մոսկվայում (1925), ՀԽՍՀ լուսժողկոմատի արվեստի սեկտորի վարիչ (1929)։
Գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն, քրդերեն,ֆրանսերեն, չինարեն և այլ լեզուներով։
Մահացել է 1958-ի մարտի 26-ին Երևանում։