Մշակույթ 

Ես ընդդիմադիր գործունեություն եմ ծավալում և ճնշումներից չեմ վախենում. թուրք ռեժիսոր

Թուրք ռեժիսոր Հաջի Օրմանի «HOMO POLITICUS» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի արտամրցույթային «Մենք կանք» ծրագրում:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ցեղասպանությունից երեք ամիս հետո: 20 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է Յոհանես Լեփսիուսի` ազդեցիկ աստվածաբանի մասին, որը հանդես էր գալիս գերմանացի միսիոներների անունից: Օսմանյան կայսրությունում հայերի «տեղահանման» քաղաքականությանը վերջ տալու համար նա մեկնում է Ստամբուլ՝ ռազմական շտաբ, որտեղ կարող է հանդիպել Թուրքիայի ամենազորեղ գեներալի` Էնվեր Փաշայի հետ: Նրա նպատակն է դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել Էնվեր փաշայի նկատմամբ: Լեփսիուսի բերած բոլոր փաստարկները անտեսվում են Էնվերի քաղաքավարի և անտարբեր վերաբերմունքով: Հանդիպման կեսից մթնոլորտը փոխվում է փիլիսոփայական, ինտելեկտուալ բանակռվի, որը մերթ հիշեցնում է շախմատ, մերթ էլ բռնցքամարտ: Մինչ Էնվերը փորձում է հետզհետե Լեփսիուսի վզին «անպատշաճ առաջարկ» փաթաթել, վերջինս կարևոր որոշում է ընդունում և թողնում խոսակցությունը:

Այսօր լրագրողների հետ զրույցում ռեժիսորը հայտնեց, որ ուրախ է այս փառատոնին մասնակցելու համար:

«Ցանկացա, որ մարդիկ իմանան այս իրողության մասին և նկարեցի ֆիլմը: Իմ հետագա գործունեության մեջ էլ անդրադառնալու եմ քաղաքական խնդիրներին: Ես երկար ժամանակ քաղաքական ընդդիմադիր գործունեություն եմ ծավալում և ճնշումներից չեմ վախենում»,-նշեց թուրք ռեժիսորը:

Նույն շարքից