Apple-ի ղեկավար Թիմ Կուկը ցանցահենային սկանդալից հետո խոստացել է ուժեղացնել iCloud ամպային ծառայության պաշտպանությունը՝ հայտնում է The Wall Street Journal-ը: Թերթը նշում է, որ սա տեղի ունեցածի վերաբերյալ Կուկի առաջին մեկնաբանությունն է:
Կուկի խոսքով՝ հանցագործները iCloud-ում հանրահայտ անձանց էջերին հասանելիություն են ստացել՝ ճիշտ պատասխանելով գաղտնագրերը ստանալու համար ստուգիչ հարցերին կամ օգտագործելով խայծ՝ պարզելու համար ID-ն և ծածկագրերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցանցահենները համացանցում տեղադրել են հոլիվուդյան հայտնի անձանց կիսամերկ լուսանկարները: Հանրության ուշադրությանն են ներկայացվել Ջենիֆեր Լոուրենսի, Քեյթ Ափթոնի, Բար Ռաֆայելիի և այլ աստղերի բաց լուսանկարներ:
Կուկը նշել է, որ հիմա Apple-ն էլեկտրոնային փոստոսվ և push-հաղորդագրությունների միջոցով օգտատերերին կտեղեկացնի էջերի ծածկագիրը փոխելու, նոր սարքում iCloud-ի տվյալները վերականգնելու փորձերի մասին կամ թե երբ են որևէ սարքով առաջին անգամ միանում էջին: Նախկինում iCloud-ի տվյալների վերականգնման մասին ծանուցումներ չէին ուղարկվում:
Apple-ը ծրագրում է այդպիսի հաղորդագրություններ ուղարկել 2 շաբաթից: Նոր համակարգն օգտատերերին հնարավորություն կտա անհապաղ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ փոխել ծածկագիրը և դիմել ընկերության անվտանգության ծառայությանը՝ նշում են Apple-ում: