2008 թվականից իրականացվում է հայ-անգլիական համատեղ նախագիծ, որի շրջանակներում հայ և անգլիացի հնագետների կողմից ուսումնասիրվում են Սյունիքում գտնվող Ծղուկ լեռան ժայռապատկերները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին տեղեկացրին արշավախմբի հայկական կողմից ղեկավար, հնագետ-արվեստաբան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Աննա Խեչոյանը և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:
Ինչպես տեղեկացրեց Աննա Խեչոյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ժայռապատկերների ուսումնասիրության աշխատանքները սկսվել են 2002 թ-ից և մինչ այսօր ոչ միայն ուսումնասիրություններ են իրականացվել Ծղուկում, այլ նաև՝ Քասախում, որը ևս բազմաթիվ ժայռապատկերներ է ընդգրկում և մինչ այդ կար տեսակետ, որ այս տարածքներին հատուկ են միայն փորագրությունները, սակայն փորձը հակառակն է ցույց տվել և հայտնաբերվել են նաև գունավոր պատկերներ:
Աննա Խեչոյանը նշեց, որ Ծղուկում աշխատանքների առաջին փուլն ավարտվել է, իսկ երկրորդ փուլում աշխատանքներ են տարվելու երկրաբանների հետ, ովքեր իրականացնելու են շերտագրական ուսումնասիրություններ:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն իր հերթին ասաց, որ ժայռապատկերների թվագրումը համաշխարհային առումով բավական բարդ գործընթաց է. մեծ վեճ կա գիտնականների մեջ, թե այդ պատկերները ստեղծվել են հոմոսափիենսի՞ կողմից, թե՞ դրանից առաջ:
«Մեր երկրում աշխատանքները նոր-նոր են սկսվել և ինչ-որ հաջողություններ այդ ուղղությամբ կան: Մենք պատկերը դիտում ենք ոչ թե միայն որպես պատկեր, այլ ուսումնասիրվում են դրա շուրջ եղած բոլոր հնագիտական նյութերը, որոնց միջոցով փորձում ենք հասկանալ, թե որն է ամենահավանական ժամանակը, որ մարդը պետք է ստեղծեր այդ պատկերները»,-ասաց բանախոսը։