ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո սկսում են նոր նախաձեռնություն՝ «Կրթության գերազանցության ազգային ծրագրի»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ մարզի ուսուցիչների հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ծրագրի նպատակն է կարեւորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն եւ ձեւավորել մրցունակ ուսուցիչների համալիր»,-ասաց նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով: Նախագահը տեղեկացրեց, որ նախատեսվում է առաջիկա մեկ տասնյամյակի ընթացքում ծրագրի շրջանակում հավասատգրել շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների:
«Այդպիսի ուսուցիչները կդառնան փոփոխություններ իրականացնողները, որոնք օրինակ կդառնան նոր սերունդի համար: Ծրագրի շրջանակում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ամբողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելով դասավանդման հմտությունները, կօգնի ներդաշնակեցնելու տեղական եւ միջազգային կրթական չափորոշիչները եւ տեղայնացնելու համաշխարհային փորձը Հայաստանում: Պետք է ստեղծել կրթության հաջողության հասնելու երազանք եւ հնարավորություն ընձեռնել այդ երազանքն իրականացնելու համար: Եթե հասարակությունը կրթության սպառող է, ոչ թե մասնակից, ապա այդ կրթությունից ոչ մի լավ բան չի սպասվում»,-ասաց նախագահը՝ նշելով, որ անցկացվելու են ծրագրի հանրային քննարկումներ՝ համոզվելու համար, որ կա ծրագրի հանրային պատվեր: