Առողջապահություն 

Փոխպատվաստման էթիկական հարցերը կարգավորելու համար նոր հանձնաժողով կստեղծվի

analitik.am

Կառավարությունն նոյեմբերի 7-ի նիստում հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքէջը: Օրենքում կատարված լրացումները պայմանավորված են «Օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման հարցերով մշտապես գործող էթիկական հանձնաժողովի» ստեղծմամբ:

Հանձնաժողովը քննելու է, օրինակ, դոնորի և ռեցիպիենտի հոգեբանական պատրաստականությունը փոխպատվաստման ժամանակ: «Այսպես, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված պահանջների պահպանումից, մինչև փոխպատվաստման իրականացումն անհրաժեշտ է հավաստիանալ, որ դոնորը և ռեցիպիենտը հոգեբանորեն պատրաստ են փոխպատվաստման իրականացմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: Վերջինիս հեղինակը` առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ չնայած օրենքով սահմանված կարգով և ժամկետներում փոխպատվաստման վերաբերյալ տեղեկացված լինելուն` հնարավոր է, որ դոնորը և ռեցիպիենտը չգիտակցեն հարցի կարևորությունը և հնարավոր բացասական հետևանքներն իրենց առողջության վրա:

Օրենքում կատարված լրացումների մյուս հիմնավարումն այն է, որ անգամ բարեկամական կապի առկայության պայմաններում երբեմն պարզ չէ` արդյոք անձն ինքնակամ է տվել իր համաձայնությունը փոխպատվաստման համար, թե կայացրել է նման որոշում այլ անձանց հոգեբանական կամ ֆիզիկական ճնշման ներքո:

Օրենքում կատարած լրացումների համաձայն` այս հարցերի պատասխանները տալու է Օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման հարցերով մշտապես գործող էթիկայի հանձնաժողովը, որի անդամները «անհրաժեշտության դեպքում հանդիպելով դոնորի կամ ռեցիպիենտի հետ, բազմակողմանիորեն և օբյեկտիվորեն կգնահատի վերոնշյալ և մի շարք այլ էթիկական հարցերը և կտա համապատասխան եզրակացություն»: 

Նույն շարքից