Առողջապահություն 

Նախագահը մասնակցել է Սլավմեդ բժշկական կենտրոնի բացմանը

analitik.am

Երևանում այսօր բացվեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, հիվանդանոցը բազմապրոֆիլ է, որտեղ մատուցվելու են նաև վիրաբուժական ծառայություններ՝ ուրոլոգիական, պլաստիկ, վերականգնողական, գինեկոլոգիական, Էնդոսկոպիկ և այլն: Հիվանդանոցը նաև ունի ծննդատուն:

«Մասնավոր ներդրման արդյունքում է ստեղծվել հիվանդանոցը և այստեղ ներդրվել է շուրջ 5 մլրդ դրամ: Այստեղ աշխատելու են արտասահմանում վերապատրաստված մասնագետներ: Հիվանդանոցը հագեցած է ամենավերջին տեխնոլոգիական արտադրության սարքավորումներով»,- ասաց Դերենիկ Դումանյանը։

Նախարարը վստահեցրեց, որ մասնավոր այս հիվանդանոցում ևս պետական պատվերներ են իջեցվելու, որպեսզի սոցիալապես անապահով խավը ևս հնարավորություն ունենա օգտվելու հիվանդանոցային նման պայմաններից:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմինե Հովակիմյանն ընդգծեց, որ ստեղծվել է եվրոպական չափանիշներին համապատասխան հիվանդանոց, որը մյուսներից տարբերվում է իր նոր ձեռագրով, վերջին սարքավորումներով, ինչպես նաև վերապատրաստված բժիշկներով:

«Հիվանդանոցում աշխատելու են 180 բուժաշխատողներ։ Հաստատությունն ունի 60 մահճակալ կա, իսկ հիվանդասենյակի 1 օրվա արժեքը 10-15 հազար դրամ է, որը ներառում է 3-անգամյա սնունդ: Իսկ, ընդհանուր առմամբ, բժշկական ծառայությունների գինը հանրապետության մակարդակով կարելի է ասել, որպես միջին»,-ասաց Արմինե Հովակիմյանը:

Բժշկական կենտրոնի տնօրենը հավաստիացրեց, որ պարբերաբար կենտրոն են հրավիրվելու արտերկրում ճանաչված և փորձառու մասնագետներ՝ հայ բժիշկների շարունակական վերապատրաստումն ապահովելու համար:

Նույն շարքից