Առողջապահություն 

«Առանց փողկապների» հանդիպում Աղվերանում. ԱՆ

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր Աղվերանում մասնակցեց դեղագործության ոլորտի  «Առանց փողկապների» հերթական հանդիպմանը։ Ողջունելով հավաքի մասնակիցներին, նախարարը խոսեց Հայաստանի դեղագործության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին։


«Դուք գիտեք, որ դեղերի ոլորտն առողջապահության համակարգում կարևորագույն նշանակություն ունի և մեր հասարակութունը մշտապես խիստ զգայուն ու ուշադիր է դրա նկատմամբ։ Պատահական չէ, որ հանրապետության Նախագահը  1,5 տարի առաջ առողջապահության նախարարության առջև խնդիր դրեց մանրամասն վերլուծել ոլորտի առաջնահերթ խնդիրները և լուծումներ տալ դրանց։ Իսկ այս դաշտում առկա հիմնախնդիրներին հիմնավոր լուծումներ տալու ամենաիրատեսական ճանապարհը ոլորտի մայր օրենքի հիմնարար փոփոխությունն էր։ Այդ իսկ պատճառով մենք գնացինք «Դեղերի մասին» նոր օրենքի նախագծի մշակման ճանապարհով։ Նոր օրենքի նախագիծը, որ այսօր ՀՀ  կառավարությունում հաստատման փուլում է, երկար ժամանակ լուրջ քննարկումների առակա է դարձել։ Կարևորն այն է, որ նոր օրենքը, կկանոնակարգելով ոլորտում առկա գրեթե բոլոր խնդիրները, հնարավորություն կտա ապահովելու դեղի` արտադրողից մինչև սպառողին հասնելու անվտանգ շղթա։ Նախագիծը բազմիցս քննարկել ենք նաև ձեզ հետ, ձեր շատ առաջարկություններ տեղ են գտել փաստաթղթում»,-ասաց Դերենիկ Դումանյանը։


Նախարարը դեղագործների ուշադրությունը հրավիրեց դեղերի ոլորտում իրականացվող մյուս բարփոխումների վրա ևս, նրանց հետ քննարկեց առկա խնդիրներն ու խոչընդոտները և դրանց լուծման ուղիները։  Նշեց, որ վերջին մեկ ամսում ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայում ոլորտին առնչվող երկու հարց է քննարկել՝ Հայաստանի դեղագործության ոլորտի մարկետինգային գործունեության կանոնագրքի նախագիծը և դեղերի ստվերային շրջանառության դեմ պայքարի հակակոռուպցիոն ծրագրի հիմնական դրույթները։


«Առանց փողկապների» հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը  և Հայաստանի դեղարտադրողների, արտասահմանյան դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների, ներմուծող ընկերությունների ղեկավարներն ու փորձագետները ևս մեկ անգամ կարծիքներ փոխանակեցին «Դեղերի մասին» նոր օրենքի նախագծի առանձին դրույթների և դրանց կիրարկման մեխանիզմների, ինչպես նաև Հայաստանի դեղագործության ոլորտի մարկետինգային գործունեության կանոնագրքի նախագծի և դեղերի ստվերային շրջանառության դեմ պայքարի հակակոռուպցիոն ծրագրի հիմնական դրույթների շուրջ։

Նույն շարքից