Առողջապահություն 

Օմբուդսմենն իր տարեկան զեկույցում անդրադարձել է Առողջապահության նախարարության թերացումներին

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի տարեկան զեկույցըԱռողջապահության նախարարության թերացումների մասին։ Այս մասին հայտնում են Օմբուդսմենի աշխատակազմից։

Զեկույցում մատնանշվում են ոլորտում առկա հետևյալ թերություններն ու խնդիրները՝

-Չնայած կառավարության որոշմանը՝ բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաները չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր:

- Դեռևս չեն սահմանվել բժշկական էթիկայի կանոններ, ինչի հետևանքով բազմաթիվ դեպքերում բժշկական գաղտնիքը չպահպանող, պացիենտների նկատմամբ անհարգալից վերաբերվող բժիշկները չեն պատժվել:

- Օրենքում դեռևս բացակայում է «բժշկական սխալ» հասկացությունը, ինչի հետևանքով հնարավոր չէ օբյեկտիվ գնահատել բժշկի անփութության, սխալ բժշկական միջամտության և այլ դեպքերը, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքներ:

- Բավարար չի ֆինանսավորվել սոցիալապես անապահով անպտուղ զույգերի արտամարմնային բեղմավորումը, որը միջինում կազմում է 3500-5000 ԱՄՆ դոլար: Արդյունքում հազարավոր անպտուղ զույգեր զրկվել են երեխա ունենալու հնարավորությունից: 

- Մարդու կյանքին սպառնացող «ցրված սկլերոզ» հիվանդությունը դեռևս չի ներառվել Կառավարության որոշման այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում բուժման դեղերը տրվում են անվճար: Արդյունքում նման ծանր հիվանդությամբ տառապող անձանց համար այդ թանկ դեղերը հիմնականում հասանելի չեն լինում: 

- Չեն մշակվել օրենսդրական կարգավորումներ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման համար, մինչդեռ այդ խնդիրը կրում է համատարած բնույթ: 

- Ցածր վարձատրության և ԲՈՒՀ-երում անվճար ուսման քիչ տեղերի հետևանքով խիստ անբավարար է եղել հոգեբույժների քանակը: 

- Մի շարք դեպքերում քաղցկեղով հիվանդ անձանց չի տրամադրվել օրենքով հասանելիք անվճար քիմիոթերապիան: 

- Օրենսդրական թերի կարգավորման պատճառով բժիշկները պաշտպանված չեն եղել պացիենտների հոգեբանական ճնշումներից և վիրավորանքներից:

Զեկույցում արձանագրված են նաև հետևյալ դրական զարգացումները՝

- Էապես կանոնակարգվել և հստակեցվել է դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունը:

- Կապանի ԲԿ-ում և Երևանի քաղաքապետարանի N 9 մանկական պոլիկլինիկայում ստեղծվել են երեխայի զարգացման վերականգնողական կենտրոններ: 

- Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու համար տեղադրվել է ռադիոկապ, որը, մասնավորապես, հնարավորություն է տալիս հրատապ դեպքերում ուղիղ կապ հաստատել խոշոր բժշկական կենտրոնների, 1-03 շտապ բուժօգնության ծառայության հետ:

- Նախարարության միջնորդությամբ անվճար վերապատրաստվել է մոտ 300 բուժաշխատող, որոնց հիմնական մասն են կազմել մարզերում աշխատող բժիշկները:

Նույն շարքից