Առողջապահություն 

Հայաստանում պալեատիվ բուժօգնությունը կներդրվի 1-2 տարում. Սուրեն Քրմոյան

analitik.am

Առողջապահության նախարարությունը նախատեսում է առաջիկա 1-2 տարում Հայաստանում ամբողջությամբ՝ մարզերում և մայրաքաղաքում ներդնել պալեատիվ բուժօգնությունը որպես առանձին տեսակ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը՝ ներկայացնելով այս ընթացքում բուժօգնության այս տեսակի՝ մեր երկրում ներդրման ուղղությամբ կատարված քայլերը:

Արդեն, իսկ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների մասին օրենսդրական նախաձեռնությունը, որով պալեատիվ բժշկությունը ներառվում է որպես առանձին բուժօգնության տեսակ, իսկ մարզերում իրականցվել է բուժքույրերի վերապատրաստման գործընթաց: Նախատեսվում է պալեատիվ բուժօգնությունը ներառել որպես առանձին առարկա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

«Լուրջ խնդիր ունենք պալեատիվ բուժօգնության մասնագետների ապահովման հարցում, այսինքն՝ անհրաժեշտ է շուրջ 120 մասնագետ բարձրագույն բժշկական կրթությամբ , շուրջ՝ 600 բուժքույր, և դեռևս այդ քանակը չունենք»,-չթաքցրեց ԱՆ աշխատակազմի ղեկավարը:

Հիշեցնենք, որ աշխարհի տասնյակ երկրներում կազմակերպվում է պալեատիվ՝ ամոքիչ բուժօգնությունը (ծանր, անբուժելի հիվանդացությունների ժամանակ՝ հակացավային թերապիա, սիմպտոմատիկ թերապիա և հոգեսոցիալական օգնություն), և Հայաստանը ևս իր միջազգային պարտավորությունների շրջանակում պարտավորվել է երկրում պալեատիվ օգնություն կազմակերպել:

Սուրեն Քրմոյանը հավելեց, որ երբ ավարտին մոտենան պալեատիվ բուժօգնության համակարգի ներդրման 4 պիլոտային ծրագրերը , դրանք շարունակելու որոշում կընդունվի արդեն 2015-ի պետական բյուջեի միջոցներից :

ԱՆ մասնագետն ընդգծեց, որ համակարգի ներդրմանը կնպաստի հաբերի տեսքով կամ օրալ մորֆինի ապահովումը երկրում, քանի որ ներկայումս նման բուժօգնություն ստացողների համար կիրառվում է միայն ներերակային մորֆին, այն դեպքում, երբ հաբերով մորֆինը ավելի հարմար է օգտագործման առումով, ինչպես նաև ավելի մատչելի գնային տեսանկյունից:

Ավելի կոնկրետ՝ արդեն 2015 թվականի համար Առողջապահության նախարարությունը իր դեղորայքային գնումների ցանկում կներառի նաև հաբերով մորֆինը:

Նույն շարքից