Առողջապահություն 

Թմրանյութեր պարունակող դեղամիջոցները անփոխարինելի են ուժեղ ցավեր ունեցող ծանր հիվանդների համար

analitik.am

Թմրանյութեր պարունակող դեղամիջոցները անփոխարինելի են ուժեղ ցավեր ունեցող ծանր հիվանդների համար, սակայն այդ դեղամիջոցները Հայաստանում ավելի քիչ են օգտագործվում, քան պետք է, կարծում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:


Ապրիլի 3-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նա լրագրողներին ասաց, որ երկրում ցավազրկող դեղորայքի, այդ թվում թմրամիջոցներ պարունակող դեղորայքի պակաս չկա, սակայն դա դեռ չի նշանակում, որ բոլոր հիվանդները, որոնք ունեն այդպիսի դեղամիջոցների կարիք, ստանում են դրանք: Քրմոյանը նշեց նաեւ, որ նախորդ տարվա պետության կողմից գնված դեղամիջոցները նույնիսկ դեռ չեն սպառվել, չնայած այն բանին, որ նման դեղորայքի կարիք ունեցող հիվանդների թիվը Հայաստանում փոքր չէ:


Պալիատիվ օգնության հարցերով ԲՀՀ-ի միջազգային խորհրդատու, գիտությունների դոկտոր Սթիվեն Քոննորը հաստատեց, որ ըստ միջազգային ցուցանիշների՝ Հայաստանում տարեկան պետք է սպառվեր 26 կգ մորֆին, բայց սպառվում է ընդամենը… 0.5 կգ:


Ինչու՞մն է դրա պատճառը:


Ծանր հիվանդների համար նախատեսված ուժեղ ցավազրկողները Հայաստանի քաղաքացիների համար անվճար են, այնպես որ խնդիրը դեղերի գներում չի թաքնված: Ըստ Սուրեն Քրմոյանի՝ մեր երկրում բժիշկները ուղղակի խուսափում են նման դեղամիջոցներ նշանակելուց, իսկ պացիենտները իրենց հերթին վախենում են դրանք ընդունելուց:

Ինչ վերաբերվում է բժիշկներին, նրանք հաճախ խուսափում են թմրամիջոցներ պարունակող ցավազրկողներ նշանակելուց, քանի որ դրանք խիստ հսկողության տակ գտնվող նյութեր են, իսկ այս ոլորտը կարգավորող օրենքները դեռ մի շարք փոփոխությունների եւ շտկումների կարիք ունեն:

Իր հերթին Առողջապահության իրավունքի կենտրոնի տնօրեն Վիոլետա Զոփունյանը նշեց, որ պալիատիվ բուժօգնության էֆֆեկտիվ ներդրման եւ ուժեղ ցավազրկողների արդյունավետ օգտագործման համար շատ կարեւոր են օրենսդրական փոփոխությունները: Ըստ նրա՝ ցանկալի է, որ հնարավորինս շուտ ընդունվեն օրենքներից առավել կարեւորները, օրինակ, կլինիկական չափորոշիչների մասին օրենքը, որի հիման վրա բժիշկները կարող են վերոհիշյալ դեղերի նշանակումներ անել: «Բժիշկները այլեւս չեն վախենա նշանակումներ անել, քանի որ կունենան հստակ փաստաթուղթ, որի հիման վրա կարող են ազատ նշանակումներ անել՝ այն քանակով, որը անհրաժեշտ է պացիենտին», - ասաց նա:

Մեկ այլ խնդիր է պալիատիվ բուժօգնության ոլորտում մասնագետների պակասը: Ինչպես նշեց Սուրեն Քրմոյանը, Հայաստանում անհրաժեշտ է շուրջ 120 պալիատիվ բուժօգնության մասնագետ՝ բարձրագույն բժշկական կրթությամբ, եւ շուրջ 600 բուժքույր: Այդ քանակը մեր երկրում դեռեւս չկա, սակայն բուժքույրերի համար արդեն կրթական ծրագրեր են մշակվել եւ իրականացվել են մի քանի քոլեջներում, այդ թվում մարզերում գործող կրթական հաստատություններում: Հետագայում, պալիատիվ բժշկության մասնագետների պակասը լրացնելու համար պլանավորվում է նաեւ բժշկական համալսարանում ներդնել հատուկ դասընթաց:


Ինչ վերաբերվում է հիվանդներին, ում համար նախատեսված են թմրամիջոց պարունակող դեղամիջոցները, Վիոլետա Զոփունյանի կարծիքով, նրանք չեն ցանկանում դրանք ընդունել, որովհետեւ չունեն տեղեկություններ այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ ցավազրկողները եւ որքանով դրանք կարող են թեթեւացնել հիվանդների կյանքը:


Միեւնույն ժամանակ պացիենտները եւ նրանց հարազատները կարծում են, որ թմրանյութեր պարունակող դեղամիջոցները կարող են կախվածություն ձեւավորել: Սակայն, ինչպես նշեց պալիատիվ օգնության հարցերով ԲՀՀ-ի միջազգային խորհրդատու, գիտությունների դոկտոր Սթիվեն Քոննորը, երբ հիվանդն ուժեղ ցավեր ունի եւ օգտագործում է թմրամիջոցներ պարունակող ցավազրկողներ, նրա մոտ ուղղակի նվազում են ցավերը, բայց նա չի զգում այն էյֆորիան, որը կզգար առողջ մարդը՝ այդ դեղամիջոցն ընդունելով: Այդ պատճառով հոգեբանական կախվածություն այդ դեղամիջոցներից նրա մոտ չի կարող առաջանալ:


«Հանրության իրազեկումը հնարավորություն կտա մարդկանց հասկանալ, որ նրանք ստիպված չէն տառապել ցավից եւ կարող են այդ ցավից ազատվել», - նշեց Սթիվեն Քոննորը:


«Մոտակա 1-2 տարում մենք պետք է հասնենք նրան, որ պալիատիվ բուժօգնության եւ ցավային օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր մարդ եւ Երեւանում, եւ մարզերում համապատասխան բուժում ստանա», - ավելացրեց Սուրեն Քրմոյանը:

Նույն շարքից