Առողջապահություն 

Նոր հեղափոխական մեթոդ՝ ծերունական կուրության դեմ

analitik.am

Դուբլինի Թրինիթի քոլեջի հետազոտողները տարիքային մակուլյար դեգեներացիայի (ՏՄԴ) բուժման մեջ բեկումնային քայլ են կատարել: ՏՄԴ-ն հանդիսանում է 50-ն անց մարդկանց կուրության հիմնական պատճառը:


Նրանք հայտնաբերել են, որ ինտերլեյկին-18 (IL-18)՝ իմունային համակարգի բաղադրիչը կարող է հիվանդներին պաշտպանել տեսողության կորստից, իսկ օրգանիզմ այն կարող է ներմուծվել ոչ ինվազիվ եղանակով, հաղորդում է Fox News-ը:


ՏՄԴ-ն երկու տեսակի է լինում՝ չոր եւ թաց: Չորն առավել տարածված տեսակն է, իսկ թացի դեպքում հիվանդը կորցնում է տեսողության գրեթե 90%-ը: Թաց ՏՄԴ-ով հիվանդների մոտ արյունատար անոթները ներաճում են անմիջապես ցանցաթաղանթ, ինչի հետեւանքով այնտեղ հավաքվում է արյուն կամ հեղուկ, որը եւ դառնում է կուրության պատճառ:


Թաց ՏՄԴ-ին դիմակայելու համար հիվանդներին ներարկում են հակամարմիններ, որոնք ճնշում են VEGF մոլեկուլը, որը պատասխանատու է դեպի ցանցաթաղանթ արյունատար անոթների ներաճման համար: Այս ներարկումներն արդյունավետ են, բայց նրանք կարող են շատ տհաճ լինել, եւ հիվանդները պարտավոր են ստանալ դրանք ամեն ամիս:


Հետազոտողներն ասում են, որ IL-18-ը նույնքան արդյունավետ է, որքան VEGF-ի դիմաց ներարկումները:


Իրենց տեսությունը ստուգելու համար հետազոտության հեղինակներ Մեթյու Քեմպբելլը եւ Սառա Դոյլը ուսումնասիրել են IL-18-ի ազդեցությունը մկների վրա: Շատ բարակ լազերի միջոցով նրանք նմանակել են ՏՄԴ հիվանդությունը մկների վրա՝ վնասելով աջքի հետին մասը: Այնուհետև նրանք մկներին ներարկել են GlaxoSmithKline ընկերության կողմից ուռուցքային հիվանդությունների բուժման համար մշակված IL-18:


Դիտումները ցույց են տվել, որ IL-18-ը կարող է կանխարգելել արյունատար անոթների ներաճը դեպի ցանցաթաղանթ: Քանի որ IL-18-ը հակաբորբոքային միջոց է, հետազոտողներն անհանգստացած էին համատեղելիությամբ, սակայն մարդկանց վրա նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ ցածր դեղաչափերը կողմնակի ազդեցություններ չունեն՝ բացառությամբ ջերմաստիճանի աննշան բարձրացման:

Նույն շարքից