Առողջապահություն 

Նորակոչիկների պատվաստումներն այսուհետ կարվեն զորակոչման օրվանից 2-3 ամիս առաջ. ԱՆ փոխնախարար

analitik.am

Նորակոչիկների պատվաստումներ առաջիկա զորակոչին արվելու են վերջիններիս զորակոչման օրվանից 2-3 ամիս առաջ և ոչ թե Հանրապետական հավաքակայանում, այլ ամբուլատորիաներում, որից հետո նորակոչիկը հնարավորություն կունենա լինել տանը: Այս մասին այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:

«Պատվաստումներն իրականացնելու ենք վերջնական բուժզննությունից առաջ, որպեսզի նորակոչիկներն իրենց տներում այդ պատվաստումները ստանան և նոր զորակոչվեն բանակ»,-ասաց նա՝ նշելով, որ նախկին կարգով պատվաստումներն արվել են վերջին փուլում, ինչից որոշակի բարդություններ եղել են, բայց լուրջ խնդիրներ չեն եղել:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նոր կարգը կիրականացնեն ամառային զորակոչի ընթացքում, և դրա համար համապատասխան կարգը կա, որոշումներն ընդունված են:

Նա նաև ընդգծեց, որ բնականաբար, կարող են լինել անձինք, որ հրաժարվեն այդ պատվաստումներից, բայց դա հիմք չի լինի ծառայությունից հրաժարվելու համար:

Վահան Պողոսյանի խոսքով՝ այդ ամենն արվում է նրա համար, որպեսզի նորակոչիկներն առողջ վիճակում զորակոչվեն բանակ:

Իսկ հարցին, թե արդյոք նոր որոշումը պայմանավորված է ձմեռային զորակոչի ընթացքում պատվաստումներից առաջացած բարդությունների աճով, փոխնախարարը պատասխանեց. «Ոչ, դեռ ձմեռային զորակոչից առաջ էր քննարկվում, որ պատվաստումները վերջին փուլից բերվեն նախորդ փուլ»:

Անդրադառնալով բանակում թոքաբորբի իրավիճակին՝ Վահան Պողոսյանը վստահեցրեց, որ այդ մասով ներկա պահին բավականաչափ հանգիստ իրավիճակ է:

Նույն շարքից