Առողջապահություն 

Մինչև ախտանիշների ի հայտ գալը՝ Ալցհեյմերի հիվանդությունը կարելի է կանխորոշել արյան հետազոտության միջոցով

analitik.am

Ամերիկացի հետազոտողների տվյալներով` նորագույն տեխնոլոգիան կօգնի 90 տոկոս ճշտությամբ որոշել` արդյո՞ք մարդու մոտ առկա է Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդանալու վտանգը:

Ինչպես ներկայացնում է Russia Today-ը` The Guardian-ին հղումով, գիտնականները հատուկ մոլեկուլներ են հայտնաբերել, որոնք ցույց են տալիս հիվանդության զարգացումը՝ մինչ դրա առաջին ախտանիշների ի հայտ գալը:

Նրանց կատարած հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Medicine ամսագրում, նշվում է, որ իրենց հաջողվել է 10 մոլեկուլ հայտնաբերել, որոնք կարելի է կիրառել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը հայտնաբերելու համար: Արյան հետազոտության արդյունքներն ուսումնասիրելիս պարզվել է, որ հիվանդության վտանգը կարելի է կանխորոշել առաջին ախտանիշների հայտնվելուց երեք տարի առաջ:

Գիտնականները 5 տարի տևած հետազոտությունների ընթացքում աշխատել են 53 հիվանդի հետ, ովքեր արդեն տառապում էին Ալցհեյմերի հիվանդությամբ, և 53 առողջ մարդկանց հետ:

Ալցհեյմերի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի առաջնային դեգեներատիվ հիվանդություն է, որի առկայության դեպքում արագանում է ինտելեկտի նվազումը, թուլանում է հիշողությունը և փոխվում է մարդու վարքագիծը: Այն տարեց մարդկանց մոտ խելագարության ի հայտ գալու հիմնական պատճառ է հանդիսանում:

Նույն շարքից