Առողջապահություն 

ԱՊՀ երկրների համեմատ մեզանում կա ծնելիության կայունացում. ԱՆ

analitik.am

Թեև 1990-ական թվականների համեմատ Հայաստանում ծնելիությունը գրեթե կրկնակի չափով նվազել է, բայց ԱՊՀ երկրների համեմատ մեզանում կա ծնելիության կայունացում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

«Ամեն դեպքում կարևորն այն է, որ մենք միշտ ունեցել ենք դրական բնական աճ՝ ի տարբերություն ԱՊՀ մյուս երկրների, այսինքն՝ միշտ էլ ծնելությունը ավելի մեծ է եղել, քան մահացությունը: Ծնելիության նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով, և այս հարցը հիմնախնդիր է գրեթե ողջ աշխարհում: Վերջերս արվել է հետազոտություն և հարցվածների քառորդ մասը նշել է, որ դա սոցիալական խնդիրներով է պայմանավորված, մյուս մասը՝ կարիերայով: Այսօր երեխայի կրթության, դաստիրակության պահանջները մեծացել են, և գուցե սա է պատճառը, որ բավարարվում են մեկ-երկու երեխայով»,-ասաց նա և ուրախությամբ նշեց, որ, այնուամենայնիվ, Հայաստանում դեռևս ծնվում են երրորդ և չորրորդ երեխաները:

Անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին՝ Գայանե Ավագյանը տեղեկացրեց, որ տարեկան Հայաստանում 3000-ից ավել աղջիկ չի ծնվում:

«2060թ-ին ավելի քան 70 հազ. աղջիկ ծնված չի լինի: Ընդհանրապես աշխարհում նորածին աղջիկների և տղաների հարաբերակցությունը պետք է կազմի 100-ը 104-105-ի, սա նորման է, սակայն Հայաստանում այդ հարաբերակցությունը կազմում է 100-ը 114-ի: Այս պահին 25-30 տարեկան տղաների ու աղջիկների քանակը հավասարված է, սակայն մոտ 20 տարի մենք կարող է դեմոգրաֆիական խնդիր ունենանք՝ պակասեն մայրերը»,-ասաց նա:

Մասնագետը նշեց հայ ծնողների կողմից տղա երեխա ունենալու հիմնական պատճառները: Նա նշեց, որ հետազոտությունը ցույց է տվել, որ պատճառներից առաջին տեղում է մեր հասարակության մեջ տղայի գերապատվությունը ընտանիքում և հասարակության մեջ։ Պատճառներից են նաև քիչ թվով երեխա ունենալու ցանկությունը և ուլտրաձայնային սարքերով հետազոտությունների հնարավորությունը:

«Տղա երեխաներ պետք է ունենալ, բայց ոչ ի հաշիվ առողջ աղջկա: Երրորդ կամ չորրորդ հղիության դեպքում անպայման տղա երեխա կլինի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է անում նախարարությունն այս ուղղությամբ՝ տարիներ անց լուրջ խնդրի առաջ չկանգնելու համար, պաշտոնյան պատասխանեց, որ այսօր դեռևս չկա օրենք, որով կարող են արգելել բժիշկներին՝ ասել երեխայի սեռը:

«Բայց դա վտանգավոր երևույթ է, քանի որ մենք փոքր երկիր ենք, և դա կմեծացնի կոռուպցիոն ռիսկերը: Բայց մենք չենք էլ ասում, որ պարտադիր ասեն երեխայի սեռը, քանի որ դա երեխայի առողջության հետ կապված խնդիր չէ»,-ասաց նա:

Նույն շարքից