Առողջապահություն Կորոնավիրուս 

Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 66-ի

analitik.am

Սաուդյան Արաբիայում մահացու կորոնավիրուսի զոհ են դարձել եւս 2 մարդ: Այսպիսով՝ թագավորությունում մահացածների ընդհանուր թիվը հասել է 66 -ի: Այս մասին ասվում է երկրի առողջապահության նախարարության տարածած զեկույցում:


Ըստ կառույցի տվյալների, 2 դեպքն էլ տեղի են ունեցել երկրի արեւմուտքում տեղակայված Ջիդդայում: Մահացել են 77-ամյա մի քաղաքացի, որը տառապում էր մի քանի քրոնիկ հիվանդություներով, եւ քաղաքի բժշկական հաստատություններից մեկի աշխատակիցը: Սաուդյան առողջապահության նախարարությունը նշում է, որ ամբողջ երկրում գրանցված է վարակվածության 167  դեպք, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջին տեղեկատվական թերթիկում տեղեկացրել է կորոնավիրուսով վարակվածության 206 լաբորատոր հաստատված դեպքերի եւ աշխարհում 86 մահացածների մասին:


Առաջին անգամ վտանգավոր վիրուսը, որն իր տարածվածության շրջանի պատճառով կոչվել էր մերձավոր-արեւելյան, հայտնաբերվել է 2012թ.-ին Սաուդյան Արաբիայում: Նոր հիվանդությանը տրվել է «Middle East respiratory syndrome coronavirus»(MERS-CoV) անվանումը:

Նույն շարքից