Առողջապահություն 

Ապրիլի 7-ը` առողջության համաշխարհային օր

analitik.am

Ապրիլի 7–ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հռչակել է Առողջության համաշխարհային օր: Յուրաքանչյուր տարի այն նվիրվում է հանրային առողջության գլոբալ հիմնախնդիրներից մեկին՝ հանրության ուշադրությունը հրավիրելով տվյալ հարցին և դրա լուծմանն ուղղված միջոցառումներին:


2014 թվականին Առողջության համաշխարհային օրվա թեման փոխանցողներով պայմանավորված հիվանդություններն են, որոնց մշտական սպառնալիքի տակ է ապրում աշխարհի բնակչության կեսից ավելին: Դրանցից շատերը` մալարիան, Դենգեյի տենդը, լեյշմանիոզը, դեղին տենդը, առավելապես ազդում են աշխարհի աղքատ երկրների բնակչության վրա, սակայն բնապահպանական, կլիմայական փոփոխությունները, մարդկանց ու ապրանքների ավելացող տեղաշարժերը, քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամերը նպաստում են այդ հիվանդությունների լայն տարածմանն ու բնակչության նորանոր խմբերի խոցելիության բարձրացմանը:


Փոխանցողներով պայմանավորված հիվանդությունները տարածվում են նաև եվրոպական, ինչպես նաև մեր տարածաշրջանում: Դրա վառ օրինակ է մալարիայի արագ տարածումը այն երկրներում, որտեղ այն վաղուց վերացվել էր: Այդպիսի երկրներից էր նաև Հայաստանը, որտեղ 1994 թվականից ևս սկսեցին արձանագրվել մալարիայի տեղական ծագման դեպքեր և 1990-ականների վերջում այդ դեպքերը վերածվեցին համաճարակային բռնկման: Մալարիայի դեմ պայքարին և կանխարգելմանն ուղղված դժվարին աշխատանքի արդյունքում 2006 թվականից հանրապետությունում մալարիայի տեղական ծագման դեպք չի արձանագրվել:


Պատմականորեն հանրապետությունում տարածված են եղել նաև փոխանցողներով պայմանավորված մի շարք այլ հիվանդություններ, մասնավորապես՝ լեյշմանիոզը, մլակային տենդը, հետադարձ տիֆը, բծավոր տիֆը, ռիկետցիոզները, ժանտախտը, տուլարեմիան և այլն: Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում ներկայում դրանցից շատերը հանրապետությունում չեն արձանագրվում:


Ներկայումս Հայաստանի ողջ տարածքում վարակիչ հիվանդությունների փոխանցողներից տարածված են մոծակները, մլակները, լվերը, ոջիլները, տզերը, որոնք կարող են պատճառ դառնալ հանրապետությունում արձանագրվող տարափոխիկ և բնական օջախային հիվանդությունների առկա համաճարակային իրավիճակի բարդացման: Հնարավոր է նաև նախկինում հանրապետությունում տարածված, սակայն ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ վերացված, ինչպես նաև հանրապետության տարածքում երբևէ չգրանցված հիվանդությունների դեպքերի արձանագրում:


Այսօր, Առողջության համաշխարհային օրը հնարավորություն է ընձեռում հանրային առողջության հիմնախնդիրներով հետաքրքրված բոլոր ուժերին ևս մեկ անգամ համախմբվել փոխանցողներով պայմանավորված հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման խնդրի շուրջ՝ ի պաշտպանություն ազգաբնակչության առողջության:

Նույն շարքից