Առողջապահություն 

Խախտումներ 6 բժշկական կենտրոններում. ՎՊ ստուգումներ

analitik.am

Հայաստանի Վերահսկիչ պալատի կողմից ստուգված 6 բժշկական կենտրոններում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:


2013 թ. ընթացքում առողջապահության ոլորտում Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի, Հայաստանում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների, ինչպես նաեւ «Առողջապահական» ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ:


Ընտրանքային կարգով ուսումնասիրվել են 2012 թ-ին ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված` 36.00 եւ ավելի միավոր ունեցող անձանց խմբին (հատուկ խմբից որպես առավել ռիսկային ընտրանք) մատուցած, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունները: Ընտրանքային սկզբունքով ստուգվել է 6 բժշկական հաստատություն («Արմենիա», «Նորք-Մարաշ», Հրազդանի, Վանաձորի, Սպիտակի ԲԿ-ներ, Ա.Վ.Մալայանի անվ. Հ.Ա. կենտրոն), որոնցից բոլորում էլ հայտնաբերվել են խախտումներ: Ընդհանուր առմամբ՝ արձանագրվել է խախտման 72 դեպք՝ ավելի քան 25 մլն դրամի չափով:


ՎՊ համաձայն՝ խախտումների հիմնական պատճառը սոցիալական ծառայության տարածքային գրասենյակների կողմից առողջապահական հաստատություններին անարժանահավատ տեղեկանքների տրամադրումն է: Արդյունքում, պետական բյուջեի որոշ միջոցներ օգտագործվել են ոչ նպատակային եւ ոչ հասցեական:


ՎՊ-ն ստուգել է նաեւ Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ սարքերի եւ սարքավորումների ձեռք բերման գործարքները: Հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերված 294,550.0 հազ. դրամի սարքավորումները տարբեր պատճառներով վերահսկողության ավարտի դրությամբ դեռեւս չէին օգտագործվում (շահագործվում):


Առողջապահական ԾԻԳ-ի կողմից ձեռք բերված 636,403.5 հազ. դրամի չափով սարքավորումներից 112,452.8 հազ. դրամի չափով սարքավորում ստուգման պահի դրությամբ բաշխված չէր բժշկական հաստատություններին եւ չէր շահագործվում:


ՎՊ-ն գտնում է, որ ակնհայտ է, որ ծախսված միջոցների արդյունավետությունը եղել է ցածր: Դրա հիմնական պատճառը սխալ եւ ոչ պատշաճ պլանավորումն է:

Նույն շարքից