Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունեցած հանդիպում-զրույցի ժամանակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ ներկայացնելով Կոմիտասին որպես հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, նշեց, որ Կոմիտասի անվան հետ է կապված հայ երաժշտության թևակոխումը մասնագիտական փուլ. «Կոմիտաս-կոմպոզիտոր: Կոմիտասն անձամբ այս մասնագիտական եզրույթը չի գործածել, չի ասել կոմպոզիտոր եմ: Ծայրահեղ առաքինության, պարկեշտության արտահայտություն: Կան մարդիկ, ովքեր իրենց արվեստի բնագավառում մեծագույն հաջողությունների հասնելուց հետո էլ խուսափել էլ նշել որևէ տեղ կոմպոզիտոր եզրույթը»:
Տ. Մանսուրյանի խոսքով, զարմանալի հմտությամբ տիրապետում էր եվրոպական, համաշխարհային երաժշտաարվեստի հիմքերին, հայկական երաժշտաարվեստի ամբողջ տեսական հիմքերին:
«Սա շատ բեղամնավոր ուսումնասիրության նյութ կարող է լինել, որն այսօրվա սերնդին շատ պետք է, քանի որ այսօր էլ խնդիր կա՝ ինչպես մնալ ազգայինի սահմաններում, միաժամանակ միանալ համընդհանուր մեծ շարժմանը, ինչպես Կոմիտասն էր արել իր ժամանակի համար: Մեծագույն սխրանք է այն, ինչ արել է Կոմիտասը»,- ասաց Տ. Մանսուրյանը: