Առողջապահություն 

Չիչխանի բուժիչ հատկությունները

Չիչխանը պատկանում է փշատազգիների ընտանիքին։ Գիտական անվանումը բաղկացած է երկու հունարեն բառերից. hippos-ձի և phase-շուք, փայլ։ Բույսի ռուսերեն անվանումն է `«օբլեպիխա»։ Բույսը հնագույն ժամանակներից հայտնի է եղել հայերին, հանդիպում է Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Սյունիքում, Երևանում։ Հայերենում բույսն անվանվում է նաև ծովափուշ, ձիափուշ, ձիափշատ, ձորի փուշ և այլն։



Հին Հայաստանում բույսի տերևը և պտուղը ծառայել են` որպես կեր ձիերի համար։ Հոգնեցուցիչ արշավներից հետո կենդանիները նման կերից հետո արագորեն վերականգնել են ուժերը և իրենց արտաքին փայլը։ Չիչխանը հարգի բույս է եղել չինական բժշկությունում, համարվել է, որ այն բուժում է բազմաթիվ հիվանդություններ և երկարակեցություն պարգևում։ Վերջին 1-2 տասնամյակներում չիչխանը դարձել է բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների առարկա, քանի որ բույսն ունի բացառիկ քիմիական բաղադրություն և բուժիչ ազդեցություն։ Հայտնի է, որ 100 գ չիչխանի հատապտուղներում պարունակվող E (8-16 մգ), C (50-450 մգ), K (1,2 մգ) վիտամինները, A-ենթավիտամինը (0,3-8,5 մգ), ռուտինը (75-100 մգ), ֆոլիաթթուն (0,79 մգ) լիովին բավարարում են մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը։ Մեծ արժեք է ներկայացնում պտղամսում, սերմում և հատապտղի կեղևում պարունակվող յուղը (9 տոկոս), որի մեջ առկա է բազմաչհագեցած ճարպաթթուների ողջ «փունջը»` օլեինի (օմեգա-9), պալմիտինի և լինոլի (օմեգա-6), լինոլենի (օմեգա-3), նաև հագեցած ճարպեր և բետասիտոստերին։ Չիչխանը մշակվում է բազմաթիվ Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և այլուր` հիմնականում արժեքավոր յուղ ստանալու համար, սակայն պարզվել է, որ հատապտղում պարունակվում են զգալի քանակությամբ կարոտինոիդներ` հակաուռուցքային ազդեցություն ունեցող լիկոպին  և աչքերի ցանցաթաղանթն արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից պաշտպանող զեակսանտին։ 

Նույն շարքից