Անկասկած, բոլորիս ծանոթ է այն արտահայտությունը, որ «յուրաքանչյուր մարդ այն է, ինչ ուտում է»: Այս նկարագրությունը հիմնվում է նրա վրա, որ շատ հիվանդություններ առաջանում են ոչ ճիշտ և չբալանսավորված սննդի հետևանքով:
ԱՀԿ ռազմավարության համաձայն՝ սնունդը հանրային առողջության կարևոր որոշիչ պայմաններից մեկն է:
Առողջ և ռացիոնալ սնունդը մարդկանց առողջ ապրելակերպի հիմնական բաղկացուցիչն է, որը մեծ դեր է խաղում մարդու օրգանիզմի զարգացման բոլոր փուլերում: ԱՀԿ սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն՝ աշխարհի բնակչության 58.7%-ը կարծում է, որ առողջ լինելու համար պետք է ճիշտ սնվել:
Սննդամթերքը կենսական կարևոր նշանակություն ունի՝ մի կողմից առաջացնելով, մյուս կողմից, ընդհակառակը, կանխելով բազմաթիվ հիվանդություններ: Սննդից այս կամ այն բաղադրիչի բացառումը կարող է հանգեցնել թերսնմամբ պայմանավորված հիվանդությունների առաջացման, իսկ աղտոտված սննդամթերքի օգտագործումը հանգեցնում է թունավորումների և ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման, որոնք շատ հաճախ ավարտվում են մահվան ելքով:
ԱՀԿ տվյալներով՝ արդյունաբերական զարգացած երկրներում բնակչության շուրջ 30%-ը տառապում է սննդային ծագում ունեցող տարբեր հիվանդություններով, և դա պատճառ հանդիսացավ ԱՀԿ անդամ-երկրների կողմից՝ 2000թ.-ին «Սննդի անվտանգության ապահովման բանաձևի» ընդունման համար՝ որպես հանրային առողջապահության հիմնական ֆունկցիաներից մեկը: