Առողջապահություն 

Կանանց միամսյակի ընթացքում Երևանում և մարզերում բուժօգնություն է ստացել 45.953 կին. ԱՆ

analitik.am

Մայրության և գեղեցկության տոների կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված «Կանանց առողջության պահպանման միամսյակի» հիմնական նպատակն էր «Բաց դռների օրերի» կազմակերպման միջոցով կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող առողջական խնդիրներին (գինեկոլոգիական, ակնաբուժական, սրտաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական,  նյարդաբանական) ուղղված մասնագիտացված բուժօգնության մատչելիության ապահովումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպարոզի հայտնաբերմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների անցկացմանը։


Մարզերում «Բաց դռների օրերին» նախապես կազմված ժամանակացույցով  արտագնա այցեր են կատարվել Երևանի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների նեղ մասնագետների կողմից` ուռուցքաբանների և ակնաբույժների ուղեկցությամբ։ Միամսյակի ընթացքում «Բաց դռների օրեր» են կազմակերպվել նաև մարզերի մասնագիտական ներուժով։


Միամսյակի շրջանակներում առաջնային օղակի բուժհաստատություններում կանանց տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, կազմակերպվել է գինեկոլոգիական առաջնակի զննում, ըստ ցուցումների կատարվել են մասնագիտական այլ զննումներ: Անհրաժեշտության դեպքում տեղերում իրականացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ։ Բժշկական ցուցումներից ելնելով կազմակերպվել է կանանց հիվանդանոցային բուժօգնություն։


Կանանց միամսյակի ընթացքում Երևանում և մարզերում բուժօգնություն է ստացել 45.953 կին, որից 28.896-ը Երևանում, 17.057-ը` մարզերում։


Մարզերում 17.057 կնոջից 1.166-ը (շուրջ 7%) ուղեգրվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ: 10.177-ը դիմել է մարզային բժշկական կազմակերպությունների մասնագետների ուժերով կազմակերպված «Բաց դռների օրերի» ընթացքում: Նրանցից 400-ն ուղեգրվել է Երևան։


Մարզային բժշկական կազմակերպություններում Երևանից կցված կենտրոնների մասնագիտներին դիմել է 6.880 կին, որոնցից 5790-ին (84%) տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 1.994-ին (30%) բժշկական ցուցումներով  կատարվել են տարբեր հետազոտություններ, 5.338 կին (78%) ենթարկվել է  գինեկոլոգիական առաջնակի զննման: 1171 կնոջ մոտ բացահայտվել են առողջական տարբեր խնդիրներ։ Նրանցից 405-ի բուժօգնությունը կազմակերպվել է մարզային բուժհաստատություներում, իսկ 766-ն ուղեգրվել է մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններ։


Առաջնային օղակում տրամադրված բուժօգնության նեղ մասնագիտական ուղղվածությունը մարզերում եղել է այսպիսին`  ակնաբուժական ծառայություն` 20%, մանկաբարձագինեկոլոգիան` 18.5%, նյարդաբանական` 18%, ներզատաբանական և սրտաբանական` 16%, ուռուցքաբանական` 4%։


Միամսյակի ընթացքում Երևանի առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ է դիմել 28.896 կին, նրանցից 21.345-ին (74%) տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 16.011 կնոջ (55%) բժշկական ցուցումներով  կատարվել են տարբեր հետազոտություններ, 18.906 կին (65%) ենթարկվել է  գինեկոլոգիական առաջնակի զննման, 11.739-ին (41%) ցուցաբերվել է բուժօգնություն տեղում, իսկ 4.008 կին (14%) ուղեգրվել է հիվանդանոցային բուժման:


Մայրաքաղաքի հիվանդանոցներ է դիմել 4.397 կին: Նեղ մասնագիտական խորհրդատվությունների և հետազոտությունների  արդյունքում  1.607 կին (36.6%) ստացել է հիվանդանոցային բուժում, այդ թվում` 1.330 կին (83%) ենթարկվել է վիրահատության, որից 491-ը (37 %) աչքի ախտաբանություններ, 411-ը (31%)` ընդհանուր վիրաբուժական, 345-ը (26%)` գինեկոլոգիական, 88-ը (6.6 %)` ուռուցքաբանական։


Գինեկոլոգիական խնդիրներով դիմել է 1.320 կին, որից 736-ը ստացել է ստացիոնար բուժօգնություն (56%), այդ թվում, գրեթե կեսը` 345-ը ստացել է  վիրահատական (47%), իսկ  391-ը` կոնսերվատիվ բուժում:


Կանանց նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպորոզի հայտնաբերման նպատակով իրականացվել են կրծքագեղձի սոնոգրաֆիա, մամոգրաֆիա, դենսիտոմետրիա, ինչպես նաև, բժշկական ցուցումներով, դժվարամատչելի այլ հետազոտություններ: Իրականացվել է սկրինինգային 10.902 հետազոտություն, որից կրծքագեղձի սոնոգրաֆիա` 2.582,  մամոգրաֆիա` 379:  Արդյունքում 111 կնոջ մոտ ախտորոշվել է չարորակ նորագոյացություն, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ: Սկրինինգային ընթացակարգով (50տ և բարձր տարիքի) 402 կին անցել է դենսիտոմետրիա, որոնց 80%-ի մոտ հայտնաբերվել են ախտաբանական տարբեր շեղումներ, իսկ 120 կնոջ մոտ ախտորոշվել է օստեոպորոզ:


Ընդհանուր առմամբ, Երևանի բժշկական կազմակերպություններում միամսյակի շրջանակներում բուժօգնության համար պոլիկլինիկական հաստատություն է դիմել 28.896 կին։ Նրանց  կեսից ավելիի մոտ (55%) հայտնաբերվել է որևէ ախտաբանություն, որոնցից 1/3-ը բուժվել է ստացիոնար պայմաններում: Հիվանդանոց դիմած 4.397 կնոջից յուրաքանչյուր երրորդն օգտվել է գինեկոլոգիական ծառայություններից, նրանց 56%-ն ստացել է ստացիոնար բուժում: Այս հիվանդների գրեթե կեսը (47%) ենթարկվել է վիրաբուժական միջամտության:


Հիվանդանոցային պայմաններում բուժված կանանց 80%-ից ավելիին տրամադրվել են վիրաբուժական ծառայություններ: Թե' ամբուլատոր, թե' հիվանդանոցային մակարդակում մասնագիտական բուժօգնության տեսակներից առավել մեծ պահանջարկ են ունեցել մանկաբարձագինեկոլոգիական և ակնաբուժական ծառայությունները:


Ի դեպ, միամսյակի ավարտից հետո մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններում շարունակվել է մինչ այդ հաշվառված կանանց բուժօգնության տրամադրումը, վիրահատվել է ևս 116 կին։

 

 

Նույն շարքից