Առողջապահություն 

Վարչապետը ներկայացրել է առողջապահության նորանշանակ նախարարին

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին:

Վարչապետ Աբրահամյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դերենիկ Դումանյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նրա հետ ծավալված համագործակցությունը: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Դերենիկ Դումանյանի մասնագիտական գիտելիքները և փորձը ապագայում ևս կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը:

Այնուհետև ներկայացնելով ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Արմեն Մուրադյանն աշխատել է առողջապահության ոլորտում, և համոզված եմ, որ փորձելու է անպայման իրականացնել իր առջև դրված խնդիրները: Այս ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք»:Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ են ժամանակ և ռեսուրսներ առկա բոլոր խնդիրները միասին հաղթահարելու համար:


Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Մուրադյանին՝ առողջապահության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք:


Արդեն նախկին նախարար Դերենիկ Դումանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին վստահության, նախարարության աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նորանշանակ նախարարին:

Նույն շարքից