Առողջապահություն 

Առողջապահության նախարարությունը դատապարտում է բժշկի վրա հիվանդի հարազատի հարձակումը

analitik.am

«Արդեն որերորդ անգամ ականատես ենք լինում ամենահումանիտար մասնագիտություն ունեցող մարդու նկատմամբ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ցուցաբերված վայրագության»,- գրված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որը վերաբերում է այսօր տեղի ունեցած մի միջադեպի։ Ստորեւ՝ հաղորդագրությունն ամբողջությամբ: 

Նոյեմբերի 21-ին, ժամը 00:53-ին Սասունցի Դավիթ նրբ. 35 տուն հասցեից Սրբուհի Տոնիկյանի անվամբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ –ի 1-03 ծառայությունում գրանցվել է N 71 կանչը: Ի դեպ, Ս. Տոնիկյանը քրոնիկ հիվանդ է և բազմիցս դիմել է 1-03 ծառայությանը` թոք-սրտային անբավարարություն ախտորոշումով:

Թիվ 4 ենթակայանում և մոտակա բոլոր ենթակայաններում ազատ բրիգադ չլինելու պատճառով կանչը փոխանցվել է Նուբարաշենի հենակետային կայան, և N 42 բրիգադը՝ բժշկուհի Ժաննա Բաբայան, մեկնել է նշված հասցեով: Բրիգադը հիվանդի մոտ է հասել  17 րոպեում: Ցավոք, մինչև շտապօգնության հասնելը, հիվանդը մահացել է։ Սակայն դա երբեք իրավունք չպետք է վերապահեր բռնություն կիրառել  և անվայելուչ վիրավորանքներ հասցնել օգնության եկած մասնագետի նկատմամբ։ Մեքենայից իջնելուն պես հիվանդի հարազատներից մեկը (տղամարդ) բժշկուհու հագուստից բռնելով, քարշ տալով ներս է տարել,  սպառնացել  դանակով և հայհոյել: Շտապօգնության վարորդին հաջողվել է դանակը խլել  սպառնացողի ձեռքից:

Այս ամենի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը: Առավոտյան բժշկուհին ոստիկանության ուղեգրով դիմել է դատաբժշկական քննության:

Շտապօգնության բժշկի նկատմամբ մեկ այլ վայրագություն է արձանագրվել այսօր,  ժամը 13:52-ին Դավիթաշեն 5փող. 25ա տուն հասցեից Վարդան Ծառուկյանի անվամբ 1-03 ծառայությունում գրանցված N 273 կանչի ժամանակ: Կանչի մեկնել է թիվ 2 ենթակայանի N 21 բրիգադը՝ բժիշկը Գագիկ Ներսիսյան: Բրիգադը նշված հասցե է հասել 6 րոպեում: Բժշկի ներս մտնելուն պես հիվանդը շնչահեղձ լինելով ասել է, որ 40 րոպե խնդրել է հարազատներին շտապօգնություն կանչել: Առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում (թթվածին տալու ժամանակ) հիվանդը մահանում է: Ցավոք, բժշկի կողմից կատարված վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումներն արդյունք չեն տվել: Երբ այդ մասին հայտնել են հիվանդի տղային, նա հարձակվել է բժշկի վրա, հարվածել գլխին, կրծքավանդակին: Այս պահին բժիշկը  գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքում:

ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է բժշկի հանդեպ կատարված ցանկացած ոտնձգություն, առավել ևս վայրագության հասնող  նման գործողությունները։

Սա խարան է մեր ողջ հասարակության համար և չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ։

Զազրելի ու դատապարտելի շարունակաբար կրկնվող նման միջադեպերը պետք է ողջ հանրության պարսավանքին արժանանան։

Դժվար է մարդկային համարել այն քայլը, երբ մարդը բիրտ ուժ է կիրառում բժշկի վրա, ով մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար է տուն մտնում։

Առողջապահության նախարարությունը հետամուտ կլինի բուժաշխատողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի յուրաքանչյուր միջադեպի նկատմամբ։ Վստահ ենք, որ իրավապահ մարմիններն անհետևանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք և առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։

Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին կոչ ենք անում հարգալից վերաբերել բուժաշխատողներին, ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու նրանց պատասխանատու և մարդասիրական գործը։ Նման երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

Նույն շարքից