ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Այցի նպատակն էր քննարկել համագործակցության ուղղությունները:
Դեսպանը նշել է, որ սեպտեմբերին ակնկալվում է իրանական պատվիրակության այցը Հայաստան:Նա ընդգծել է, որ առողջապահությունը կարևոր ոլորտ է և համագործակցության ընդլայնումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրանական կողմի համար:
Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել 2014թ. դեկտեմբերին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությունը, որի ընթացքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել ստորագրելու նոր փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ առողջապահության նախարարության և ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարությունների միջև` մի քանի հուշագիր և համաձայնագիր արդեն իսկ ստորագրվել է: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին նպաստել համակարգի զարգացմանը: