Առողջապահություն 

Մայիսի 11-ը մելանոմայի դեմ պայքարի միջազգային օրն է

analitik.am

Ամեն տարի մայիսի 11-ին աշխարհը նշում է մելանոմայի դեմ պայքարի օրը: Այս օրը ընտրվել է ի պատիվ համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ Բոբ Մառլիի, ով մահացել է 1982թ. Մայիսի 11-ին մելանոմայից:

 

Արդեն 2 տարի է, ինչ Հայաստանը, ի դեմս Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի և «Գլոբալ Շեյփերս» երիտասարդական ՀԿ-ի, ևս միացել է մելանոմայի դեմ պայքարին:


Մելանոման  մաշկային քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է, որն ամեն տարի ի հայտ է գալիս 160,000 նոր  տեսակներով եւ ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը մաշկային քաղցկեղի շրջանում, որից տարեկան աշխարհում մահանում է 48,000 մարդ։


Մաշկի մելանոման (չարորակ մելանոմա, մելանոբլաստոմա, մելանոկարցինոմա, նևոկարցինոմա, մելանոլինգոմա) հանդիսանում է առավել չարորակ նորագոյացություններից մեկը, որը հիմնականում առաջանում է մելանոցիտներից` պիգմենտային բջիջներից, որոնք արտադրում են մելանին սպեցիֆիկ պոլիպեպտիդը: 

 

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ հազվադեպ, բայց հանդիպում է նաև մելանոմայի ոչ պիգմենտային տարատեսակը: Մելանոման կարող է հանդիպել բոլոր օրգաններում և հյուսվածքներում, բայց այն առավելապես (87% դեպքերում) ախտահարում է մաշկը: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում մաշկային նորագոյացությունների շարքում: Մասնավորապես, կազմելով մաշկի չարորակ նորագոյացությունների ընդամենը 10%-ը այն հանդիսանում է նույն այդ գոյացություններով պայմանավորված մահացության 80%-ի պատճառը: 


Այս հիվանդությանը նաև բնորոշ է հիվանդացության ցուցանիշների բավականին արագ աճ: Մասնավորապես, վերջին 30-40 տարիների ընթացքում նկատված միտումները վկայում են այն մասին, որ մաշկի մելանոմայով հիվանդացությունը միջինում կրկնապատկվում է յուրաքանչյուր 15 տարին մեկ: Հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի սպիտակամորթ բնակչության շրջանում: 

Մեր երկրում հիվանդացությունը վերջին տարիներին տատանվում է տարեկան 40-50 նոր դեպքերի սահմաններում: 


Մելանոմայի ախտորոշումը բավականին բարդ է, և չնայած նրան, որ այն պատկանում է այսպես կոչված վիզուալ ուռուցքների թվին, ոչ ճիշտ ախտորոշումները մնում են բավականին բարձր ցուցանիշների վրա: 

Նույն շարքից