Առողջապահություն 

Երեխաների առողջության բարելավման և մինչև հինգ տարեկան երեխաների մահացության նվազեցմանն ուղղված նախագիծ՝ Վորլդ Վիժնից

analitik.am

Վորլդ Վիժն միջազգային կազմակերպությունն այս օրերին աշխարհի շատ երկրներում նշում է երեխաների առողջության բարելավման և մինչև հինգ տարեկան երեխաների մահացության նվազեցմանն ուղղված միտումներն ու առաջընթացը՝ երկրների կառավարությունների, դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև բարի տեր մերդկանց ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա։ 


«Մայր և մանուկ ասելով պատկերացնում ես փաղաքշանք, գուրգուրանք, ջերմություն, լավ հեռանկարներ և գեղեցիկ ապագա: Շատ դժվար է արտահայտել «մանկական կամ մայրական մահացություն» բառակապակցությունը, սակայն առողջապահական ոլորտի ներկայացուցիչները ստիպված են այդպիսի ցուցանիշներով գնահատել նախարարության կողմից իրականացվող աշխատանքների արդյունքները: Մայրական և մանկական առողջության պահպանումը մշտապես եղել է հանրապետության նախագահի ուշադրության ներքո, այն նաև կառավարության գերակա ուղղություններից է»,-երեկ ողջունելով Վորլդ Վիժն Հայաստանի կազմակերպած «Երեխաները կհաղթահարեն 5 տարեկանի շեմը» խորագրով հավաքի մասնակիցներին` ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։


Նախարարը նաև շեշտեց, որ վերջին տարիներին իրականացվող մի շարք ծրագրերի, ինչպես նաև միջազգային բազմաթիվ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում Հայաստանում մանկական եւ մայրական մահացությունը կիսով չափ նվազ է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշի համեմատ։


«Սակայն դա չի մեզ չի գոհացնում, և ձգտելու ենք ավելի լավ արդյունքների։ Խիստ մտահոգիչ է, որ յուրաքանչյուր տարի աշխարհում մինչև 5 տարեկան 6 մլն երեխա և ավելի քան 350 հազար մայր է մահանում։ Այս թվերը սարսափահար կարող են անել յուրաքանչյուր մարդու, ով զուրկ չէ ծնողական զգացմունքներից»,- ընդգծեց նախարարը` աջակցության իր պատրաստակամությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց ջանքերը կուղղեն երեխաների առողջության բարելավմանը: 


Ելույթներ ունեցան նաև ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայեցակարգային» գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Վորլդ Վիժն Հայաստանի բարի կամքի դեսպաններ Ինգա և Անուշ Արշակյանները, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը: 


Հավաքի ընթացքում ամփոփվեցին «Երեխաները կհաղթահարեն 5 տարեկանի շեմը» լրագրողական նյութերի մրցույթի արդյունքները։ Առաջին մրցանակակը «Առավոտ» թերթի թղթակցին հանձնեց ՀՀ առողջապահության նախարարը։

Նույն շարքից