Առողջապահություն 

Երևանի մանկապարտեզներում պատերը արդեն "շնչում են"

analitik.am

 "Շնչող պատեր" նախաձեռնության մասնակիցները սկսել են գունազարդել նաև Երևանի մանկապարտեզների պատերը: Նախաձեռնության կամավորներին  առաջինը հյուրընկալեց Երևանի  թիվ 15 մանկապարտեզը: Պատերը գունազարդվեցին տարբեր սիրված մուլտհերոսների, կենդանիների, բնության պատկերներով:

Սկսելով հիվանդանոցների և պոլիկլինիկաների մանկական բաժանմունքները պատկերազարդելուց, նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն առավել հետաքրքիր դարձնել երեխաների տարածքը, հիվանդանոցների միջանցքները ազատել երեխաների համար այդքան ձանձրալի և ճնշող մթնոլորտից: 

- Նախաձեռնությունը սկիզբ է առել այս ամռան հունիս ամսից, հեղինակը Doctors.am կայքի հիմնադիր, բժիշկ Զավեն Քոլոյանինն է: Նա ամեն օր առիթ ունենալով լինել հիվանդանոցային միջավայրում, տեսնելով անշուք և անհրապույր պատերը, որոնք առանց այն էլ հիվանդ, տխուր երեխային հոգեբանորեն ավելի են ճնշում, որոշեց տաղանդավոր և կամավոր մարդկանց խումբ հավաքել և պատերը գունազարդելով , դրանք հետաքրքիր և գրավիչ դարձնել, – նշում է նախաձեռնության ղեկավար, կազմակերպիչ Սաթենիկ Գրիգորյանը:
Առաջինը, բարեգործական ակցիայի մասնակիցները գունազարդել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցի պատերը: Նախաձեռնության ղեկավար, կազմակերպիչ Սաթենիկ Գրիգորյանի խոսքով՝ «Սկզբում ակցիան իրականացնելու համար կազմակերպեցինք ընկերական դրամահավաք, հետագայում "Մեդիամաքս" գործակալության և “ԱրմենՏել” ընկերության աջակցությամբ ակցիան ընդլայնվեց, և հիմա կարող ենք ուրախացնել նաև մանկապարտեզների սաներին: Մեծ ցանկություն և նպատակ ունենք այցելել նաև մարզեր, սահմանամերձ գյուղեր, այնտեղ ևս, մեծ ոգրոևությամբ սպասում են մեր այցին»:
 Ակցիային միացել են ամենատարբեր մասնագիտությունների անձինք` նկարիչներ, նկարել սիրողներ, Doctors.am կայքի աշխատակիցներ:
Մինչ  այս մանկապարտեզի երեխաները կտեսնեն անակնկալը, "Շնչող պատեր" բարեգործական նախաձեռնության մասնակիցները կշարունակեն շունչ տալ նոր պատերի, ժպիտներ նվիրելով նորանոր երեխաների:

Աղբյուրը՝ doctors.am

Նույն շարքից