Առողջապահություն 

Արմեն Մուրադյանի այցը «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» ԲԿ

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ մայիսի 16-ին այցելեց Արագածոտնի մարզի Կոշ համայնքի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոն, որին կից իրականացվում է մշտական բժշկական հսկողություն՝ վերականգնողական ծառայություններ տրամադրելով հաշմանդամություն ունեցող երեխաներին: Ծանոթացել են ստեղծված պայմաններին, նորագույն սարքավորումներին:


«Մենք քննարկելու ենք  մեր նոր մոտեցումը  այս կենտրոնի վերաբերյալ: Այն, թե ինչ հնարավորություններ կընձեռենք, որպեսզի այս կենտրոնի արդեն հաջողված աշխատանքներն էլ ավելի խորանան»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մուրադյանը:


Նրա գնահատմամբ` կենտրոնի գործունեություննն ուղղված է ոչ միայն հաշմանդամ երեխաներին, ովքեր տարբեր պատճառներով ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեն, այլև իրենց ծնողների վրա ընկած հոգսերի թեթևացմանը:


«Արդյո՞ք կարող ենք օպտիմալացնել շրջակա գյուղերի  և այս կենտրոնի ամբուլատոր ծառայությունը: Իհարկե, գյուղերից ամբուլատոր ծառայությունները հանելը  և այս կենտրոն  բերելը որոշակի լարվածություններ է առաջացնում կապված ֆինանսական և տրանսպորտային խնդիրների հետ»,- ասաց նախարարը:


«Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոնը հագեցած է երեխաների ֆիզիկական ակտիվությանը նպաստող, տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված ֆիզիոթերապիայի և անձնական խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներով և դիդակտիկ նյութերով: Կենտրոնն ունի նաև ժամանակակից ախտորոշման և ֆիզիոթերապիայի սարքավորւմներ, շտապօգնության մեքենա:


Բժշկական այս հաստատության  կառուցման համար ներդրվել է 4 մլն դոլար: Այն  հնարավորություն ունի միաժամանակ սպասարկել 50 երեխայի: Ցերեկային խնամքի կենտրոնում գտնվելու ընթացքում երեխաները ստանում են վերականգնողական (ֆիզիոթերապիա, ակվաթերապիա), լոգոպետի, հոգեբանի ծառայություններ, 2-անգամյա սնունդ: Երեխաները հնարավորություն ունեն նաև հանգստանալ իրենց համար հարմարեցված ննջասենյակներում: Կենտրոնում արդեն բուժում է ստանում 25 երեխա:



Լուսանկարները՝ Armenpress-ի

Նույն շարքից